The Washington Post-ը ևս վաճառվեց Բաքվին

ԱՄՆ Հանրապետական կուսակցության հետ մոտ հարաբերություններով հայտնի The Washington Post թերթն այսօր Ադրբեջանին նվիրված միանգամից 6 գովաբանող հոդված է հրապարակել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հոդվածներից մեկը նվիրված է Բաքվում անցկացված Bakutel-2013 տեղեկատվական-հեռահաղորդակցական ցուցահանդեսին: Երկրորդ հոդվածը գրել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էմին Սուլեյմանովը, որում նա պատմում է Ադր բեջանում ժողովրդավարության «զարգացման» մասին: Երրորդ հոդվածը, որը գրել է Միսիսիպիի նահանգից սենատոր Ռոջեր Ուոքերը, պատմում է Ադրբեջանի աշխարհաքաղաքական- աշխարհագրական կարեւոր դիրքի մասին: Եվս մեկ գովանաբող հոդված Ադրբեջանի մասին գրել է կոնգրեսական Ջին Գրինը:

Սենատոր Մայքլ Մաքսոնն ավելի է հեռուն է գնացել եւ ԱՄՆ կառավարությանը կոչ է արել չեղյալ հայտարարել Ազատության ակտի 907-րդ ուղղումը, որով արգելվում է զենք վաճառել Ադրբեջանին: Մոտավորապես այդ մասին է խոսում նաեւ սենատոր Ռոբ Սուբհանին’ թերթում հրապարակած իր հոդվածում:

Ադրբեջանական virtualaz.org-ը գրում է, որ ամերիկյան բուլվարային թերթի կողմից Ադրբեջանի նկատմամբ նման անսպասելի հետաքրքրությունը բացատրվում է Ադրբեջանի տրանսպորտի օլիգարխ նախարար Զիյա Մամեդովի որդու’ Անար Մամեդովի կողմից անցկացվող ակտիվ լոբբիստական գործունեությամբ: Նրա ղեկավարող «Ադրբեջան-Ամերիկա» դաշինքը ԱՄՆ լոբբիստական կազմակերպություններին Ադրբեջանի մասին գովանաբող հոդվածներ է պատվիրում:

Ադրբեջանը միլիոնավոր դոլարներ է ծախսում ԱՄՆ պաշտոնական անձանց հետ հարաբերությունները կարգավորելու համար եւ, ինչպես երեւում է, արդեն գնել է ամերիկյան դեղին մամուլը:

ԱՄՆ արդարադատության նախարարության աղբյուրը «Թուրան» լրատվական գործակալությանն ավելի վաղ հայտնել էր, որ վերջին տարիներին Ադրբեջանը 5 մլն դոլար (միայն այս տարի’ 1,2 մլն դոլար) է վճարել Fabiani & Company վաշինգտոնյան լոբբիստական ընկերությանը ԱՄՆ պաշտոնական անձանց հետ հարաբերությունները կարգավորելու համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հոկտեմբերի 30-ի երեկոյան Վաշինգտոնում ճաշկերույթ է տեղի ունեցել կոնգրեսականների եւ սենատորների, նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների, դիվանագիտական կորպուսի եւ ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների մասնակցությամբ: Արտասովոր այդ խնջույքը կազմակերպել էր Անար Մամեդովի գլխավորած «Ադրբեջան-Ամերիկա» հասարակական կազմակերպությունը: Նախկին կոնգրեսական Դան Բարտոնը հանդիսանում է այդ դաշինքի նախագահը: Վաշինգտոնյան լոբբիստներից մեկը «Թուրան»-ին հայտնել էր, որ 500 հյուրերի մասնակցությամբ ճաշկերույ թն ու համերգն արժեցել է 1,5 մլն դոլար: «Բռնապետական վարչակարգերը պատրաստ են վճարել որքան ասես, որպեսզի միջոցառմանը մասնակցեն բարձրաստիճան պաշտոնական անձիք, եւ որպեսզի դա հնարավոր լինի դրոշմել լուսանկարներում»,- ասել էր նա:

Վաշինգտոնյան դիտորդներից մեկը «Թուրան»-ի հետ զրույցում ասել էր, որ նավթային եկամուտները պետք է պատկանեն Ադրբեջանի շարքային քաղաքացիներին, այլ ոչ թե հոսեն վաշինգտոնյան օրենսդիրների գրպանները, որոնք գործ չունեն մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հետ: «Իհարկե, ամոթ է վերցնել այդ փողերը: Բայց եւ ինքը’ նման միջոցառումը, ոչինչ չի որոշում եւ ազդեցություն չի գործում երկկողմանի հարաբերությունների վրա»,- ասել էր վաշինգտոնյան աղբյուրը:

Միջազգային ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել են, որ նման միջոցառումների ժամանակ ադրբեջանական կողմը հյուրերին թանկարժեք նվերներ եւ ծրարի մեջ դրված գումարներ է բաժանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում