Եվրոպական հանձնաժողովը ՀՀ-ին կտրամադրի 25 մլն եվրոյի ֆինանսական աջակցություն

Եվրոպական հանձնաժողովը «Արևելյան գործընկերության ինտեգրում և համագործակցություն» ծրագրի շրջանակում Հայաստանին կտրամադրի 25 մլն եվրոյի ֆինանսական աջակցություն: Բացի մեր երկրից’ աջակցություն կստանան նաև Մոլդովան և Վրաստանը, համապատասխանաբար 35 և 27 մլն եվրո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով եվրոպական հանձնաժողովի պաշտոնական կայքը, մեր երկրին տրամադրվող օժանադակությունը կուղղվի կոռուպցիայի դեմ պայքարի և քաղաքացիական ծառայության ոլորտում բարեփոխումների իրականացմանը:

ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նշել է, որ նշված երեք արևելյան գործընկեր երկրները խրախուսվել են ժողովրդավարության զարգացման գործում ներդրած ջանքերի և հիմնարար արժեքներին հավատարիմ լինելու համար: «Մենք հույս ունենք, որ այս խումբը հետագայում կընդլայնվի: Լրացուցիչ ֆինանսավորում նշանակում է ավելի մեծ աջակցություն ազգային բարեփոխումներին և համատեղ նախագծերին, որոնք կոնկրետ օգուտներ կբերեն քաղաքացիների կյանքում»,- ասել է Ֆյուլեն: Միաժամանակ, նշվում է, որ ընդլայնվել է Հ այաստանում քաղաքացիական հասարակությանը տրամադրվող ուղիղ աջակցությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում