Դավութօղլուն յուրօրինակ նվեր է ստացել Երևանում

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուին Երեւանում յուրօրինակ նվեր են մատուցել: Նրան է հանձնվել «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ» գրքի թուրքերեն տարբերակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ’ գրքի հեղինակ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վերժինե Սվազլյանն այն թուրք նախարարին է փոխանցել թուրքական պատվիրակության անդամներից մեկի միջոցով: Առաջարկը հնչել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» ծրագրում հաղորդավար Նվեր Մնացականյանի կողմից, երբ հաղորդման հյուրասրահում գրքի հեղինակ Վերժինե Սվազլյանն էր: Վերջինս էլ ընդունել է առաջարկը և խնդրել գիրքը փոխանցել Թուրքիայի ԱԳ նախարարին:Գրքի թուրքալեզու տարբերակը հրատարակվել է վերջերս՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ՝ թուրք անվանի հրապարակախոս Ռագըփ Զարաքոլուին պատկանող «Բելգե» հրատարակչությունում: Ինքը՝ Զարաքոլուն, ներկա էր դեկտեմբերի 11-ին գրքի թուրքալեզու տարբերակի երևանյան շնորհանդեսին:

Հայերեն և անգլերեն տարբերակներն ունեցող, իսկ այժմ արդեն թուրքերեն գիտական ուսումնասիրությունը ամփոփում է Հայոց ցեղասպանության ականատես-վերապրածների 700 միավոր վկայությունները: «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ» գրքի թուրքերեն թարգմանությունը հրատարակվել է Ստամբուլում’ 1500 օրինակով: Այս ժողովածուն այնքան բացառիկ է ու այնքան աննախադեպ նյութ է պարունակում, որ նոր բացահայտումների հնարավորություն է տալիս Հայոց ցեղասպանության հարցով հետաքրքրվողներին ոչ միայն Հայաստանում, այլեւ Թուրքիայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում