Կանադայի ԱԳՆ-ն անդրադարձել է Դավութօղլուի այցին Հայաստան

Պաշտոնական Անկարան, գործի դնելով դիվանագիտական ժպիտներն ու նախապես հայտարարություններ անելով հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու իբր «պատրաստկամության» մասին, կարողացավ Դավութօղլուի այցը Հայաստան ներկայացնել իբրև երկու երկրների միջև երկխոսության վերսկսում: Պատահական չեն այցից հետո տարբեր երկրների պաշտոնատար անձանց հայտարարություններն ու գնահատականներն այցի առթիվ:

Նման հայտարարությունների շարքին է դասվում նաև Կանադայի ԱԳՆ արած հայտարարությունը: Կանադան իր գոհունակությունն է հայտնել Հայաստանի և Թուրքիայի միջև արտգործնախարարների մակարդակով հանդիպման առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler.com-ը:Կանադայի արտգործնախարար Ջոն Բայրդն իր արած հայտարարության մեջ գոհացուցիչ է որակել Դավութօղլուի’ Երևան կատարած այցը: Արձանագրություններից չորս տարի անց նման հանդիպումը, Բայրդի կարծիքով, ծայրաստիճան կարևոր է: «Մեր ցանկությունը Հարավային Կովկասում խաղաղությանն ու անվտանգությանն աջակցելու համար երկու երկրների միջև երկխոսության շարունակումն է»,-ասել է Կանադայի արտգործնախարարը’ նշելով, որ Կանադան աջակցում է 2009 թվականին սկսված հաշտեցման գործընթացին:

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն դեկտեմբերի 12-ին Երևանում մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին, որի շրջանակներում էլ տեղի է ունեցել հանդիպում ՀՀ ԱԳ նախարարի հետ: Նրան Երեւանում երիտասարդական հասարակական-քաղաքական կազմակերպություններն ընդունել են բողոքի ակցիաներով’ «Ամոթ» վանկարկումներով եւ Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում