Մաքսային միության դռները բաց են բոլորի համար

Մաքսային միության դուռը բաց է յուրաքանչյուր պետւթյան առջև, որը պատրաստ կլինի ստորագրել այն բոլոր հիմնարար փաստաթղթերի տակ, ինչպես նաև այն լրացուցիչ փաստաթղթերի ներքո, որոնք ՄՄ-ի հետ միասին կազմում են միասնական տնտեսական տարածքի հիմքը: Այդ մասին «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը’ պատասխանելով հարցին’ ՄՄ-ի դուռը բա՞ց է Ուկրաինայի առջև:

Լավրովը նաև ընդգծել է, որ հաջորդ տարվա մայիսին պետք է պատրաստվի Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը, «որը հանում է բոլոր սահմանափակումները և կապահովի ապրանքների, կապիտալի, աշխատուժի և ծառայությունների շարժի ամբողջական ազատություն»:

ՌԴ ԱԳ նախարարը նաև հայտարարել է, որ Հնդկաստանը, Վիետնամը և Թուրքիան առաջարկել են բանակցություններ սկսել ՄՄ-ի հետ ազատ առևտրի գոտի ստղծելու շուրջ: «ՄՄ-ի և Վիետնամի միջև ազատ տնտեսական գոտի ստեղծելու բանակցություններն արդեն սկսվել են: Հույս ունենք, որ հաջողության դեպքում, իսկ դրա համար առկա են ամենևին էլ ոչ վատ հնարավորություններ, դրանք որպես մոդել կծառայեն նաև ՄՄ-ի և Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման բանակցությունների համար: Միաժամանակ, ազատ առևտրի գոտու ստեղծման բանակցություններ են ընթանու մ նաև Նոր Զելանդիայի, ինչպես նաև ազատ առևտրի Եվրոպական Ասոցիացիայի հետ, որի մեջ ընդգրկված են արևմտաեվրոպական երկրները, մասնավորապես Շվեյցարիան, Նորվեգիան, որոնք չեն համարվում ԵՄ-ի անդամ: Հետաքրքրություն կա, և այն փոխադարձ է: Կարծում եմ սա խոստումնալից գործ է»,- ընդգծել է Լավրովը:

Ավելի վաղ ՄՄ-ին միանալու ցանկություն է հայտնել Հայաստանը: Համապատասխան հայտարարությունը Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ ասուլիսում սեպտեմբերի 3-ին արել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այժմ ստեղծված աշխատանքային խմբերի միջև ընթանում են ՄՄ-ին միանալու բանակցությունները: Սպասվում է, որ դեկտեմբերի 24-ին արդեն իսկ պատրաստ կլինի «ճանապարհային քարտեզ»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում