ԱՄՆ-ում ձախողվել է ադրբեջանական սադրանքը

ԱՄՆ-ում անհաջողության է մատնվել ադրբեջանական հերթական սադրանքը, եւ Հայլանդը քույր քաղաքների համագործակցություն է հաստատում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Բերձոր քաղաքի հետ:

Դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի հյուպատոսարանի ճնշումների ներքո ԱՄՆ Հայլանդ քաղաքի խորհրդի անդամ Ջոդի Սքոթը անհաջող փորձ էր արել տապալել քաղաքային խորհրդի ընդունած բանաձևը, ըստ որի Հայլանդը քույր քաղաքների համագործակցություն է հաստատում Լեռնային Ղարաբաղի Բերձոր քաղաքի հետ: Սակայն Սքոթի փորձը ձախողվել է’ բախվելով քաղաքի անսասան ղեկավարության, մասնավորապես, քաղաքապետ Լարի ՄքՔալոնի և քաղաքային խորհրդի մյուս անդամների դիմադրությանը:

«Օտար կառավարությունների գործակալները, ինչպիսին է Ադրբեջանի գլխավոր հյուպատոսարանը, չեն կարող այստեղ’ ԱՄՆ-ում, միջամտել մեր տեղական ինքնակառավարման գործերին: Փաստը, որ ադրբեջանական հյուպատոսարանը փորձում է իր ազդեցությամբ խանգարել մեր ժողովրդավարությանը, բացարձակապես անընդունելի է մեզ’ ամերիկացիներիս համար, և ավելի մտահոգիչ է, որ ընտրված տեղական պաշտոնյան կարող է տեղի տալ այդ արտաքին ճնշումներին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ’ նշել է Հայ դատի ԱՄՆ Արևմտյան շրջանի հանձնախմբի ինքն ակառավարման հարցերով տնօրեն Թերեզա Երիմյանը:

Նա հավելել է, որ, բարեբախտաբար, այս դեպքում գերակշռել է ժողովրդավարությունը, և տեղի բնակչությունն արձագանքել է հայկական կողմի ահազանգին ու արագ ինքնամոբիլիզացվել:

Քաղաքապետ ՄքՔալլոնը Բերձորի և Հայլանդի քույր քաղաքներ հռչակելու բանաձևը ներկայացրել էր Լեռնային Ղարաբաղ իր կատարած ճանապարհորդությունից հետո’ անմիջականորեն ականատեսը լինելով Բերձորի իշխանության և ժողովրդի նվիրվածությանը ժողովրդավարության, խաղաղության, տնտեսական ազատության և զարգացման գաղափարներին:

Բանաձևը Հայլանդի քաղաքային խորհուրդը միաձայն հաստատել էր նոյեմբերի 26-ին: Խորհրդի անդամ Սքոթը նույնպես կողմ էր քվեարկել, ապա ադրբեջանական ճնշման ներքո փոխել էր իր դիրքորոշումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում