Թուրք դիվանագետը հանգստացրել է մտահոգված ադրբեջանցիներին

Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ալփեր Ջոշքունը չի հերքել, որ Հայաստանի հետ շփումներում Թուրքիան մտածում է միայն Ադրբեջանի շահի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «ԱզերիՊրես» լրատվական գործակալությանը թուրք դեսպանը հայտարարել է’ մեկնաբանելով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի’ Սեւծովյան տնտեսական համագործակցության երկրների ԱԳՆ ղեկավա րների նիստին մասնակցելու համար դեկտեմբերի 12-ին Հայաստան կատարած այցը:

«Այն, որ Հայաստանի հետ շփումների ժամանակ մենք կարող ենք մտածել ինչ-որ բանի մասին, բացի Ադրբեջանի շահերից, չի կարող քննարկման առարկա լինել», -հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ալփեր Ջոշքունը: Ինչպես երեւում է’ թուրք դիվանագետների նյարդերն արդեն տեղի են տալիս հայ-թուրքական հարաբերություններին վերաբերվող թուրքական կողմի ցանկացած քայլի նկատմամբ Բաքվից հնչող շահարկումներից, ինչի համար թուրք դեսպանը հանդես է եկել նման հայտարարությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում