Սկանդալ թուրքական խորհրդարանում

Թուրքիայի խորհրդարանում 2014 թ-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ընդիմադիր Ժողովրդահանրապետական եւ Ազգայնական կուսակցությունների պատգամավորները Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշից պահանջել են դուրս գալ խորհրդարանի դահլիճից: Այդ պահաջը վիճաբանություն է առաջացրել իշխանական «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավորների եւ ընդդիմադիրների միջեւ:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով haberturk.com-ը, քննարկումները սկսվելուն պես ընդդիմադիր պատգամավորները բացականչել են. «Որտե՞ղ են ձերբակալված որդիներ ունեցող նախարարները»: Իսկ հետո, երբ դահլիճ է մտել Բաղըշը, նրանք պահանջել են, որ ԵՄ հարցերով նախարարը դուրս գա դահլիճից: Ընդդիմադիր պատգամավորները Բաղըշի դեմ բողոքել են երկարատեւ ծափահարություններով, ինչի պատճառով թուրքական խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքը հարկադրված 10 րոպե ընդմիջում է հայտարարել: ԺՀԿ պատգամավոր Մահմութ Թանալը բացականչել է. «Ինչպե՞ս կարող է անունը ապօրինությունների եւ կոռուպցիայի մասնակցության մեջ հոլովվող նախարարը հայտնվել խորհրդարանում»: Ընդմիջման ժամանակ դահլիճում գտնվող կառավարության անդամները եւ ԱԶԿ պատգամավորները շրջապատել են Բաղըշին եւ հորդորել ելույթ չունենալ ու դուրս գալ խորհրդարանի դահլիճից:

Թուրքիայում դեկտեմբերի 17-ին երեք նախարարների որդիների եւ հայտնի գործարարների սկանդալային ձերբակալություններից հետո հայտնի է դարձել, որ կոռուպցիոն գործողություններին մասնակից է նաեւ Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը: Թուրքական «Այդընլըք» թերթը հայտնել է, որ թուրքական ոստիկանության իրագործած «Մեծ կաշառք» գործողությունների արդյունքում բացահայտվել է, որ ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբը (Սարաբ) որոշ հարցեր լուծելու համար 3 մլն լիրա կաշառք է տվել Բաղըշին: Այդ կաշառքի դիմաց Բաղըշը գործարարի հոր համար Իտ ալիայում բնակության իրավունք, Զարրաբիի 5 հանցակիցների համար Թուրքիայի քաղաքացիություն «դասավորել» եւ կանխել գործարարի դեմ մամուլում հրապարակումները, ինչպես նաեւ օգնել, որպեսզի Զարաբին իրագործի Թուրքիայում հյուրանոց կառուցելու իր նախագիծը:

Թուրքական ոստիկանությունը Ստամբուլում եւ Անկարայում անցկացրած անակնկալ գործողությունների արդյունքում խոշոր կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամար Գյուլերի, էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի եւ շրջակա միջավայրի եւ քաղաքաշինության նախարար Էրդողան Բայրաքթարի որդիներին, հայտնի գործարարներ Ալի Օղլուին, Ռեզա Զարրաբին, Ստամբուլի Ֆաթիհի քաղաքապետ Մուստաֆա Դեմիրին, «Հալք» բանկի նախագահ Սուլեյման Արսլանին եւ եւս 45 հանցակիցների:

Բազմաթիվ վերլուծաբաններ, անդրադառնալով թուրքական հասարակությանը ցնցած կառավարության անդամների կոռուպցիոն գործողությունների մասշտաբաներին եւ մեքենայությունների հետ կապված Թուրքիայում ստեղծված քաղաքական իրադրությանը, կանխատեսում են նվազագույնը կառավարության եւ հնարավոր է’ նաեւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարականը: Նրանք նշում են նաեւ, որ ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա ոչ թե կամավոր, այլ հասարակության ճնշման տակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում