Թբիլիսիի քաղաքապետի լիազորությունները դադարեցվել են

Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշմամբ’ դադարեցվել են քաղաքապետ Գիգի Ուգուլավայի լիազորությունները: Ինչպես հաղորդում է Apsny.ge կայքը, Ուգուլավային կեսգիշերին են հայտնել են դատարանի որոշման մասին, ինչից հետո նա հանդես է եկել հայտարարությամբ:

«Այսօր գիշեր ժամը մեկին, դժբախտաբար տեղի ունեցավ այն, ինչ ենթադրվում էր: Դատական գործընթացից հետո, երբ պաշտպանող կողմը լքել է դատարանը, միայնակ մնացած դատավոր Դալի Մետրևելիի և Թբիլիսիի քաղաքային դատարանի ներկայացուցիչ Մամուկա Ախվլեդիանիի նկատմամբ գործադրված ճնշումը տվել է իր արդյունքը: Մեկ անգամ ևս հաստատվեց իշխանության նպատակը’ այն է, մինչև կայանալիք ընտրությունները սահմանափակել տեղական ինքնակառավարումը: Ցավոք, դատարանին հեշտը գործ բաժին չի ընկել, այն ներքաշվել է քաղաքական գործընթացի մեջ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր գործընկերներին: Ընտրված քաղաքապետին պաշտոնանկ անելու միակ միջոցն ընտրությունն է, այլ տարբերակ գոյություն չունի, և ես պայքարելու եմ մինչև վերջ, որպեսզի ընտրությունների ժամանակ ժողովրդի արտահայտած ցանկությունը չտրորվի փակ դռների հետևում»,- նշել է քաղաքապետը:

Դատախազ Իրակլի Նադիրաշվիլին, մեկնաբանելով դատարանի որոշումը, նշել է, որ քաղաքապետի լիազորությունները դադարեցվել են, որպեսզի բացառվեն նրա կողմից պաշտոնական դիրքի օգնությամբ վկաների վրա ճնշում գործադրելու և ապացույցների վերացման հնարավորությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում