Ակնի (Աղդամի) ազատագրումը

Արցախյան պատերազմում 1993թ. ամառը հայկական կողմի համար նշանավորվեց մի շարք կարևորագույն հաղթանակներով, որոնցից մեկը Ակն-ի` Աղդամի, ազատագրումն էր։ Շուշիի ազատագրումից հետո Աղդամը շարունակում էր սպառնալիք հանդիսանալ Ստեփանակերտի համար։ Վերջինս Աղդամից ռմբակոծվում էր 152մմ տրամաչափի հեռահար հրանոթներով։ Միաժամանակ փորձեր էին արվում՝ ճեղքելու Ասկերանի ուղղության պաշտպանությունը և ուղիղ գծով մտնելու Ստեփանակերտ։

Ստեղծված իրավիճակում պարզ դարձավ, որ Աղդամը շարունակում է օգտագործվել թշնամական զորամասերի կողմից որպես հենակետ, ԼՂՀ մայրաքաղաքն ու Ասկերանը մշտապես վտանգված կլինեն։ Ուստի Շուշիի ազատագրմանը պետք է հաջորդեին Աղդամի ազատագրման գործողությունները։ Աղդամի վնասազերծումը, փաստորեն, անհրաժեշտ էր ինչպես Ինքնապաշտպանության ուժերի ռազմավարական ու օպերատիվ մարտավարական խնդիրների թելադրանքով, այնպես էլ Ասկերան-Ստեփանակերտ ուղղությունում հակառակորդի դիրքային առավելությունը չեզոքացնելու նպատակով։

Սա համաբանակային գործողություն էր. աշխարհագրորեն Հադրութից բացի, ԼՂՀ բոլոր շրջանները սահմանակից էին Աղդամին, և բոլոր պաշտպանական շրջաններն էլ մասնակցեցին նրա ազատագրմանը:

1993թ. ամռանը ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերը մի քանի ուղղություններով սկսեցին Աղդամը շրջապատող հենակետերի լռեցման լայնածավալ գործողությունը: Ազատագրման պլանը նախատեսված էր 3 ուղղությամբ’ Վիտալի Բալասանյանի, Սամվել Կարապետյանի և Մովսես Հակոբյանի ղեկավարությամբ:

Թշնամին քաղաքի մատույցները սպասվածի չափ չէր ականապատել՝ մինչև վերջին պահը հուսալով, թե ինքն է անցնելու հարձակման ու թերևս միայն Շելլին էր բացառություն, որտեղ գրագետ տեղադրված ականադաշտեր կային: Աղդամի գործողության ժամանակ, ի թիվս այլոց, ինքնապաշտպանության ուժերի վեց սակրավոր զոհվեց: Ընդհանուր հարձակմանը նախորդեցին դիրքային իրավիճակի բարելավման դժվարին գործողություններ, որոնցից հիշատակելի են հատկապես Աղդամ-Մարտակերտ սահմանագծում մղված հաջող մարտերը, և կարևոր բարձունքների գրավումը: Հուլիսի 20-ին ազատագրվեց Փոլադլուն, որը ճանապարհային կարևոր հանգույց էր: Թշնամին չէր հաշտվում Աղդամի կորստյան հետ, ինչի վկայությունը Շելլիի մարտերն էին, որտեղ մեր ականները թշնամուն պատճառեցին զգալի զրահատեխնիկայի կորուստներ:

«Ուղտի մեջք» կոչվող բարձունքից թշնամին հրետակոծում էր Ստեփանակերտը: Չնայած ինքնապաշտպանության ուժերի հրետանավորների հակադարձ գործողություններին՝ թշնամին քաղաքին ու զորքերին մեծ վնաս հասցրեց, քանի որ անհնար էր որոշել նրանց կայանքների տեղակայման ճշգրիտ վայրը: Աղդամի գրավման հրետանային ապահովումը դժվարին աշխատանք էր. հրետանավորները շուրջ մեկ ամիս հետախուզում էին իրականացնում: Հրետանու զգալի մասը դեռ Մարտակերտում էր, և հրետանավորները կարողացան այդ կայանքները Կիչանում այնպես տեղաբաշխել, որ կարողանային և՛ հարվածել Աղդամին, և՛ դիմագրավել նաև Մարտակերտից հնարավոր հարձակմանը:

Դա բարդագույն գործողություն էր. եղած հրթիռահրետանային կայանքներն առավել քան քիչ էին նման ընդգրկուն գործողության համար ու կենտրոնական ենթակայության ողջ հրետանին հնարավորինս մոտեցվել էր առաջին գծին: Քանի որ մարտական գործողությունների գոտին մոտ էր Ստեփանակերտին, հրամանատարաշտաբային մեքենաները չմեկնեցին ճակատ, ու հարձակումը ղեկավարվեց կապի կենտրոնական հանգույցից: Համագործակցությունը վաղուց մշակված էր, հրամանատարները գիտեին բոլոր հաճախականությունները և անխափան գործող կապ ունեին իրենց զորքերի, կապի կենտրոնական հանգույցի ու մյուս զորամասերի հրամանատարների հետ:

Թշնամուն մոլորեցնելու համար սակրավորները սկզբում պայթեցրին Մարաղայի մոտի կամուրջը, ապա անցնելով դեռևս լրիվ չազատագրված ու կրակի տակ գտնվող տարածքով, պայթեցրին նաև Աղդամ-Մարտակերտ կամուրջը, որպեսզի Միր Բաշիրից սպասվող օգնությունը դանդաղեր և բնակչությունն ու զորքը խուճապի մատնվեին: Իսկ Աղդամն ու Մարտունին միմյանց կապող կամուրջը համընդհանուր խուճապի պայմաններում թշնամին չէր կարողացել պայթեցնել:

Առաջնահերթ խնդիրը «Ուղտի մեջքի» գրավումն էր, առանց որի անհնար էր գրավել Աղդամը: Սկզբում ազատագրվեց Շորբուլաղի բարձունքը, ապա աջ կողմում զարգացնելով հարձակումը և դիմելով թևանցման’ ինքնապաշտպանության ուժերը սկսեցին շրջապատել հակառակորդին:

Աղդամի ազատագրման ժամանակ ինքնապաշտպանական ուժերը փայլուն կատարեցին իրենց առաջադրանքը: Կապի ռեժիմի պահպանման և խոսակցական աղյուսակների կիրառման միջոցով հաջողվեց լրիվ ապահովել կապի գաղտնիությունը: Քարտեզների թվային տվյալները նախապես ծածկագրվել էին, և թշնամին անգամ բաց տեքստով հաղորդակցվելու ժամանակ ոչինչ չէր հասկանում: Այս գործողությունը վկայեց նաև, որ և՛ պլանավորման ու կրակի կառավարման, և՛ կրակային խոցման ասպարեզներում, կենտրոնական ենթակայության հրետանուց զատ, բարձր մակարդակի է հասել նաև ինքնապաշտպանության ուժերի գնդային հրետանին:

Ազատագրման գործողությունների ընթացքում թշնամին փորձեց օդից աջակցել ընկնող քաղաքի պաշտպանությանը, սակայն դրանք ապարդյուն ջանքեր էին: Աղդամի ազատագրման գործողության հակաօդային պաշտպանությունն իրականացնում էին երեք «ՕՍԱ-ՕԿ» մարտական մեքենաներ, որոնք այնպես էին տեղակայվել, որ գործողության շրջագծերը՝ «օղակները» ներթափանցում էին միմյանց մեջ: Այսպիսի դասավորության շնորհիվ Մարտակերտի կողմից հուլիսի 21-ին եկած ինքնաթիռը հայտնաբերվեց մի կայանքի կողմից, իսկ մյուսը՝ առաջինի «օղակից» թիրախը դեռ դուրս չեկած, կործանեց թշնամու ինքնաթիռը: Իսկ հաջորդ օրը նույն հաշվարկը նույն հատվածում թշնամու ուղղաթիռ ոչնչացրեց:

Այս գործողության ժամանակ առաջին անգամ և բավական արդյունավետ կերպով կիրառվեց նաև անսարք վիճակում ձեռք բերված ու նախընթաց մի քանի շաբաթների ընթացքում նորոգված ռադիոէլեկտրոնային պայքարի կայանքը: «Գայլի որջն» այլևս գրավված էր, ու դիմացը պաշտպանություն էր կազմակերպվում: Հարձակումը սկսելուց 15 օր անց պաշտպանական բնագծերն արդեն կազմավորված էին: Առաջին երկարաժամկետ կրակակետը նույնպես տեղադրվեց այս ուղղությունում: Աղդամում խորհրդային ժամանակներում ինժեներական զորամաս էր տեղակայված, որի պահեստներում եղած սպառազինությունն ու զինամթերքը հակառակորդը չէր հասցրել սպառել, նույնիսկ շարժվող ինժեներական տեխնիկան չէր հասցրել տանել, որոնք էլ հետո հաջողությամբ կիրառվեցին Մարտակերտի ճակատում:

Հակառակորդի՝ մեծությամբ չորրորդ քաղաքն այլևս վտանգ չէր ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար։ Աղդամի գործողության արդյունքը եղավ այն, որ վերացավ Ստեփանակերտի գլխին դամոկլյան սրի պես կախված մահացու վտանգը, մայրաքաղաքի և շրջակա գյուղերի բնակիչներն ազատվեցին հեռահար հրանոթներից և հրետանային այլ միջոցներից հանկարծակի հրետանակոծության վտանգից։ Հակառակորդին հասցվեց ռազմական և բարոյահոգեբանական խորտակիչ հարված։ Ինչպես նշում է պատմաբան Է. Մինասյանը, Աղդամում տարած հաղթանակը կոտրեց Ադրբեջանի «ողնաշարը»։ Եվ իրոք, Աղդամի ազատագրումը ռազմավարական և հոգեբանական հող նախապատրաստեց 1993թ. օգոստոսյան հաղթանակների համար։

Աղդամը 2010թ. նոյեմբերին ԼՂՀ կառավարության որոշումով վերանվանվել է Ակնա։ Այն, ըստ Է. Մինասյանի, ի սկզբանե եղել է հայաբնակ բնակավայր։ Քաղաքի բնակչության հիմնական մասը կազմել են հայերը, և միայն միայն 19-րդ դարավերջին և 20-րդ դարի սկզբին այնտեղ սկսել են բնակվել թուրք-թաթարական տարրերը: Հետագայում ադրբեջանական հայաթափման քաղաքականության արդյունքում Աղդամն ամբողջությամբ հայաթափվել է։ Ներկայումս, ԼՂ կառավարության տվյալներով, Աղդամում մշտապես բնակվում են 360-ից ավելի բնակիչներ, որոնք հիմնականում զբաղվում են հողագործությամբ եւ անասնապահությամբ: Չնայած պատերազմական գործողությունների արդյունքում տեղ գտած մեծաքանակ ավերածություններին, քաղաքի հիմնական ճարտարապետական և մշակութային կառույցը՝ մզկիթը, պահպանվել է։ Պահպանվել է նաև քաղաքի գերեզմանատունը։

Նարեկ ԽԱԼԱՖՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում