Նոր բացահայտումներ Թուրքիան ցնցած «Մեծ կաշառք»-ի գործով

Իրանական մամուլը բացահայտել է Թուրքիայում «Մեծ կաշառք» գործողության շրջանակում ձերբակալված ադրբեջանցի բիզնեսմեն Ռեզա Զարրաբի իրանցի գործընկերոջ անունը: Նա իրանցի միլիարդատեր Բաբեկ Զանջանին է, ում կարողությունը գնահատվում է 13,5 մլրդ դոլար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով իրանական ԶԼՄ-ները, Բաբեկ Զանջանին անցյալ շաբաթ Իրանի կենտրոնական բանկում իր հաշվեհամարի վրա 2,8 մլրդ դոլար է դրել, որը, հակառակ գործող միջազգային պատժամիջոցների, նա ստացել է հում նավթի արտասահմանյան վաճառքից: Բաբեկ Զանջանին Ռեզա Զարրաբի հետ բիզնես-նախագծերն իրագործել է իրեն պատկանող Sorinet Holding ընկերության միջոցով:

Համարվում է, որ միջազգային արգելանքներին հակառակ’ արտասահման նավթի եւ ոսկու վաճառքի Զարրաբի եւ Զանջանիի բիզնեսը համաձայնեցված է եղել իրանական կառավարության հետ եւ ծառայել է երկրի շահերին: Իրանական մամուլը պնդում է, որ ձերբակալությունները Թուրքիայում արտոնվել են ԱՄՆ-ի կողմից եւ Իրանի գաղտնի առեւտրային գործողություններն իրագործող ցանցը վնասազերծելու նպատակ են հետապնդում:

Ստամբուլում դեկտեմբերի 17-ի առավոտյան ներքին գործերի նախարար Մուամար Գյուլերի, էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի եւ շրջակա միջավայրի ու քաղաքաշինության նախարար Էրդողան Բայրաքթարի որդիների, հայտնի գործարարներ Ռեզա Զարրաբը, Ալի Աղաօղլուն, «Հալք» բանկի տնօրենի հետ 50-ից ավելի անձինք են ձերբակալվել, որոնք կասկածվում են ապօրինությունների, կոռուպցիայի, դրամաշորթության եւ Ադրբեջանի հետ էներգետիկական համագործակցության բնագավառում մեծ յուրացումների մասնակցության մեջ: Թուրքիան ցնցած այդ ձերբակալություններից հետո հիշյալ նախարարն երը եւ Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը, ով եւս կասկածվում է «որոշ հարցեր լուծելու համար» Զարրաբից 1,5 մլն դոլար կաշառք վերցնելու մեջ, հրաժարական են ներկայացրել երկրի վարչապետին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում