ՌԴ-ն, Ղազախստանը, Բելառուսը ամրագրել են Եվրասիական տնտեսական միության բազային սկզբունքները

Ռուսաստանը, Ղազախստանը եւ Բելառուսը ամրագրել են նոր Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) բազային սկզբունքները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին, դեկտեմբերի 24-ին հայտնել Է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Մոսկվայում բացելով Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի (ԵԱԲՏԽ) նիստը՝ պետությունների ղեկավարների մակարդակով:

Նրա խոսքով՝ Մինսկում վերջին հանդիպումից հետո անցած երկու ամսվա ընթացքում հաջողվել Է նոր արդյունքների հասնել ինտեգրացման ուղղությամբ: «Մշակված Է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ինստիտուցիոնալ մասի նախագիծը»,-ասել Է Պուտինը, բացատրելով, որ այդ փաստաթղթում սահմանվում են Միության իրավական կարգավիճակը, կազմակերպական շրջանակները, գործառման նպատակներն ու մեխանիզմները:

«Ամրագրված են Եվրասիական ինտեգրացիոն նախագծի բազային սկզբունքները»,-ընդգծել Է ռուսական պետության ղեկավարը:

Նա հատուկ ուշադրություն Է դարձրել այն բանի վրա, որ այդ Միության գործունեության գլխավոր սկզբունքը լինելու Է այն, որ կազմակերպությունը պետք Է լիովին համապատասխանի իր բոլոր մասնակիցների ազգային շահերին: «Մենք Եվրասիական միությունն ստեղծում ենք մեր տնտեսություններն ամրապնդելու, դրանց ներդաշնակ զարգացումն ապահովելու եւ միմյանց մերձենալու համար»,-հավելել Է Պուտինը:

Նա նշել Է, որ այդ միությունը թույլ կտա բարձրացնել պետությունների արտադրանքի մրցունակությունը, ինչը վերջին հաշվով կնպաստի տվյալ Համաձայնագրի մասնակից երկրների ժողովուրդների բարեկեցության բարձրացմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում