Ֆրանսիայում արգելել են սկանդալային կոմիկի շոուն

Ֆրանսիայի պետական խորհուրդը՝ երկրի բարձրագույն վարչական դատարանը, արգելել է կատակերգու դերասան Դյոդոննե Մբալ Մբալի ներկայացումը, որին քանիցս մեղադրել են հակասեմիտիզմի մեջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Մինչդեռ ավելի վաղ՝ հունվարի 8-ին, Նանտ քաղաքի դատարանը թույլատրել էր ներկայացումը: Այդ որոշման ընդունումից բառացիորեն մի քանի րոպե հետո Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Մանուել Վալսի նախաձեռնությամբ գումարվել է Պետական խորհուրդը, որը եւ արգելել է հունվարի 10-ին պլանավորված ներկայացումը:

Դերասանի փաստաբանը հայտարարել է, որ արգելքը խախտում է խոսքի ազատությունը:

Արգելքին ի պատասխան՝ կոմիկի երկրպագուները, որոնք արդեն հավաքվել էին Նանտում շոուի անցկացման վայրում, սուլում էին ի նշան անհամաձայնության, երգում էին Մարսելյեզը, ինչպես նաեւ պահանջում ներքին գործերի նախարարի պաշտոնաթողությունը:

Հավելենք, որ Դյոդոննեն մի քանի անգամ դատապարտվել է հակասեմիտիզմի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում