Դոմոդեդովո օդանավակայանում ձերբակալվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության նախկին պաշտոնյա

Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում ձերբակալվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության նախկին պաշտոնյան, որը մեղադրվում է 125 հազար դոլար վատնելու համար եւ գտնվում էր միջազգային հետախուզման մեջ: Խոշոր հափշտակումների մեջ կասկածվողի ձերբակալման մասին հաղորդել է Ռուսաստանի ՆԳ նախարարության Իրկուտսկի մարզի գլխավոր վարչությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

Իր հայրենիքում ձերբակալվածի հետախուզում էր հայտարարված խարդախություններ կատարելու կասկածանքով: Իրավապահ մարմինների տվյալներով՝ 2010 թվականին նա, լինելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնյա, կեղծել է վճարման հաշվապահական փաստաթղթեր: Նրա հակաիրավական գործողությունների հետեւանքով գերատեսչությունը շուրջ 125 հազար դոլարի վնաս է կրել:

Թաքնվելով արդարադատությունից՝ կասկածյալը 2011 թվականին ՌԴ-ի սահմանը հատել է այլ անվամբ՝ կեղծված փաստաթղթերով: Ավելի ուշ նա հաստատվել է Իրկուտսկի մարզի Նիժնեուդինսկի շրջանի Խուդոյելանսկոյե գյուղում:

Օպերատիվ հետախուզական աշխատանքի ընթացքում ոստիկանները պարզել են նրա անձը: Կասկածելով, որ իրեն հետեւում են, ֆիգուրանտը հանկարծակի անհետացել է խուզարկուների տեսադաշտից: Օպերատիվ կապուղիներով պարզվել է, որ փնտրվողը փորձում է ավիատրանսպորտով լքել Ռուսաստանի սահմանները՝ Մոսկվայում միջանկյալ վայրէջքով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում