Թուրքական խորհրդարանը վերածվել է «բերմունդյան եռանկյունու»

Թուրքիայի խորհրդարանում «անհետացել» է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) անդամ նախկին նախարարներ Մուամար Գյուլերին, Զաֆեր Չաղլայանին, Էրդողան Բայրաքթարին և Էգեմեն Բաղըշին անձեռնմխելիությունից զրկելու և ձերբակալելու մասին գլխավոր դատախազության հարցումը: Բոլոր չորս նախարարները պաշտոնանկ են արվել դեկտեմբերյան կոռուպցիոն սկանդալից հետո, որի արդյունքում ձերբակալվել էին նրանցից երեքի որդիները: Հունվարի 3-ին Թուրքիայի գլխավոր դատախազությունը խորհրդարանի քարտուղարություն հարցում էր ուղարկել վերջիններիս ձերբակալելու նպատակով պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու խնդրանքով, սակայն, դատախազության հարցումն անհասկանալի կերպով անհետացել է խորհրդարանում:

Դատախազությունը հիշյալ նախարարների եւ նրանց որդիների կոռուպցիայի և կաշառակերության մեջ ներքաշված լինելու մասին բազմաթիվ փաստեր եւ 26 տեսասկավառակներ է կցել հարցմանը: Հետաքրքիր է, որ խորհրդարանում մեծամասնություն կազմող իշխող կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են, թե դատախազությունից նման հարցում չեն ստացել: Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) հայտարարել է, որ անպայման պարզելու է նախկին նախարարների մասին խորհրդարան հարցում ուղարկել-չուղարկելու փաստը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում