Իրանի արտգործնախարարը Բաշար Ասադի հետ կքննարկի Սիրիայի հարցը

Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջաուադ Զարիֆը հունվարի 14-ին կմեկնի Սիրիա և հանդիպում կունենա Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի և բարձրաստիճան պաշտոնյաների հետ նա կքննարկի Սիրիայի և տարածաշրջանին վերաբերող հարցեր:Իրանական լրատվամիջոցները նաև տեղեկացրել են, որ Իրանի արտգործնախարարը հունվարի 16-ին կմեկնի Մոսկվա և հանդիպում կունենա Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Նախարար Ջաուադ Զարիֆը արդեն այցելել է Լիբանան: Նախատեսվում է այցելություն նաև Հորդանան և Իրաք: Ավելի վաղ հունվարի 12-ին նա հայտարարել էր, որ Իրանը կմասնակցի «Ժնև-2» միջազգային համաժողովին, եթե ստանա հրավեր առանց նախապայմանների:

Ռուսաստանը և ՄԱԿ-ի և ԱԵԼ-ի համատեղ բանագնաց Լախդար Իբրահիմին հնարավոր ամեն ինչ անում են, որպեսզի Իրանը մասնակցի հունվարի 22-ին կայանալիք միջազգային համաժողովին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում