Սպիտակ տունն անհանգստացած է Ռուսաստանի եւ Իրանի միջեւ բարտերային համաձայնության շուրջ հաղորդումներից

ԱՄՆ-ի վարչակազմն անհանգստացած է այն հաղորդագրություններից, որ Ռուսաստանը եւ Իրանը բանակցություններ են վարում բարտերային համաձայնագիր կնքելու շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Սպիտակ տունը:«Մենք մտահոգված ենք այդ հաղորդագրությունների կապակցությամբ, եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին»,- հայտարարել է Սպիտակ տանն առընթեր Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Քեյթլին Հեյդենը:

Նրա խոսքով՝ «եթե այդ տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, ապա պայմանագիրը մտահոգիչ է, քանի որ չի համապատասխանում միջազգային միջնորդների «վեցյակի» եւ Իրանի միջեւ ստորագրված համաձայնագրի պայմաններին»:

Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի՝ Հեյդենը նաեւ չի բացառել, որ այն կարող է ենթարկվել ԱՄՆ-ի պատժամիջոցներին:

Արեւմտյան ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ Մոսկվան եւ Թեհրանը բանակցություններ են վարում բարտերային գործառնությունների շրջանակներում Ռուսաստանի կողմից օրական մինչեւ 500 հազար բարել ծավալով իրանական նավթի ձեռքբերման շուրջ: Այդ տեղեկությունների համաձայն՝ ենթադրվում է, որ նավթի դիմաց Իրանին կմատակարարվեն ռուսական արտադրության ապրանքներ: Այդ գործարքի գումարն իբր կազմում է ամսական շուրջ 1,5 մլրդ դոլար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում