Թուրքիան հաստատակամ է Հյուսիսային Իրաքից նավթ ստանալու հարցում

Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Հյուսիսային Իրաք-Թուրքիա կառուցվող նավթատար խողովակաշարն անպայմանորեն կգործի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, Յըլդըզն այդ մասին ասել է ի պատասխան Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքիի այն հայտարարության, թե առանց Բաղդադի համաձայնության Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությանը (իրաքյ ան Քուրդիստան) թույլ չեն տա վառելիք արտահանել Թուրքիա:«Իրաքցի մեր եղբայրներին խորհուրդ ենք տալիս լուծել իրենց միջեւ առկա խնդիրները: Մենք ոչ մի հակասահմանանադրական գործ չենք անում»,- ասել է թուրք նախարարը: Նա ընդգծել է նաեւ, որ Իրաքի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը քննարկման ենթակա չէ:

Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքին հունվարի 13-ին հայտարարել էր, որ Բաղդադը ոչ մի դեպքում թույլ չի տա, որ Անկարան իրաքյան Քուրդիստանից վառելիք արտահանի առանց իրաքյան կենտրոնական կառավարության համաձայնության: Վարչապետ ալ Մալիքին պահանջել էր, որպեսզի իրաքյան Քուրդիստանի ինքնավարության իշխանությունները եւ Անկարան դադարեցնեն վառելիքի արտահանումը, քանի որ այն հակասում է Իրաքի գործող սահմանադրությանը: Վարչապետ ալ Մալիքին Թուրքիային կոչ էր արել չմիջամտել Իրաքի ինքնաիշխանությանը: Իրաքի վարչապետի էներգետիկայի հարցերով օգնական Հուսեին Շահր իստանին իրաքյան Քուրդիստանից վառելիքի ապօրինի առեւտրի վերաբերյալ պարզաբանումներ էր պահանջել Իրաքում Թուրքիայի դեսպան Էֆե Զեյնալից:

Թուրքական ԶԼՄ-ներն ավելի հայտնել էին, որ Անկարան եւ Էրբիլը, շրջանցելով Բաղդադի կենտրոնական կառավարությանը, Թուրքիա նավթի արտահանման պայմանագիր են ստորագրել, ինչը լարվածություն է առաջացրել երկու երկրների միջեւ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում