Թուրքիայում ձերբակալել են «Ալ Կաիդա»-ի երկու ղեկավարի

Թուրքիայում հունվարի 14-ի առավոտյան միաժամանակ 6 նահանգներում «Ալ Կաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպության դեմ սկսված հակաահաբեկչական գործողության արդյունքում ձերբակալվել են Մերձավոր Արեւելքում կազմակերպության նախկին առաջնորդ Հալիս Բայանչուքը եւ թուրք ահաբեկիչների համակարգող Իբրահիմ Շենինը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Անատոլու լրատվական գործակալությունը: Նշվում է եւս 10 ահաբեկիչների ձերբակալության մասին:Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանձնարարությամբ ոստիկանության’ առավոտյան Քիլիս քաղաքում Մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության ու մարդասիրական օգնության թուրքական հիմնադրամի շենքում խուզարկումներ սկսելու մասին: Թուրքական այդ հիմնադրամը իրավապաշտպան եւ մարդասիրական խոշորագույն կազմակերպություններից մեկն է: Տվյալ հիմնադրամը նաեւ Պաղեստինի Գազայի հատված «Ազատության նավաշարասյան» նավերով մարդասիրական բեռների փոխադրման կազմակերպիչն է:

Հիմնադրամի մամուլի ծառայության ղեկավար Սերքան Ներգիսը twitter-ի իր էջում հայտնել է, որ իրավապահների գործողությունները ապօրինի են, որովհետեւ նրանք խուզարկումները սկսել են’ չսպասելով հիմնադրամի փաստաբանների ժամանելուն: Նրա խոսքով, ահաբեկչության դեմ պայքարի խումբը հիմնադրամի աշխատողներին դուրս է հանել շենքից եւ առգրավել գրասենյակի բոլոր համակարգիչները:

Ինչպես երեւում է, հիմնադրամի շենքում անցկացված խուզարկությունը «Ալ Կաիդա» կազմակերպության դեմ իրագործված գործողությունների բաղկացուցիչ մասն է կազմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում