ԼՂՀ կառավարությունը հաստատել է 2014թ. պետբյուջեի կատարումն ապահովող միջոցառումները

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ հունվարի 14-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության նիստը: Ինչպես  տեղեկացնում են  ԼՂՀ կառավարության տեղեկատվական ծառայությունից, նիստում ընդունվել է «ԼՂՀ 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» որոշումը, որով, այլ հարցերի շարքում, հաստատվել են պետական գնումների կազմակերպման գործընթացը, աշխատավարձերի բարձրացման նախապատրաստական աշխատանքների և 2013թ. աղետներից տուժած համայնքներին տրամադրվող փոխհատուցումների ցանկերը:Կառավարությունը նաև լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունված մի շարք որոշումներում: Այդ փոփոխությունները պայմանավորված են 2014թ. հունվարի 1-ից գործող՝ եկամտային հարկի մասին նոր օրենքից բխող պահանջներով: Նոր որոշմամբ ճշգրտվել են պետական բյուջեից ֆինանսավորվող հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների դրույքաչափերը՝ նպատակ ունենալով բացառել փաստացի ստացվող աշխատավարձերի՝ եկամտային հարկի մասին նոր օրենքով պայմանավորված նվազեցումը:

Գործադիրի ղեկավարն իր խոսքում կարևորել է պետական բոլոր գնումների համապատասխանեցումը նախօրոք հաստատված ծրագրերին և լրացուցիչ ծախսերի համաձայնեցումը դրանց հետ: Վարչապետ Արա Հարությունյանը կոչ է արել կառավարության անդամներին խստիվ հետևել ծրագրերի իրագործման համար նախատեսված ժամկետներին, որպեսզի դրանցից շեղումները չհանգեցնեն լրացուցիչ պարտավորությունների առաջացմանը: Կառավարության ղեկավարը նաև հանձնարարել է թոշակների տրամադրման գործընթացն ավարտել մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում