Հորադիզ․1993թ-ի հաղթանակների վերջին հանգրվանը

Արցախյան ազատամարտի հաղթանակներով հարուստ ժամանակահատվածներից մեկը 1993թ-ի օգոստոս-հոկտեմբեր հատվածն էր, երբ պատերազմի հարավ-արևելյան ճակատում մեկը մյուսի հետևից ազատագրվում էին Ֆիզուլի (Վարանդա), Ջաբրայիլ (Ջրական), Ղուբաթլու (Սանասար)շրջանները։ Այս ամիսներին սկսված հակահարձակման և ազատագրման գործողությունների սահմանային հանգրվանը դարձավ Հորադիզը, որի ազատագրման արդյունքում Լեռնային Ղարաբաղի հարավային և արևելյան սահմաններին սպառնալիք ներկայացնող հակառակորդի ուժերը բավականին հետ շպրտվեցին։

Սկսած 1993թ-ի օգոստոսի կեսերից հայկական ուժերն անցել էին ակտիվ հակահարձակման և նպատակ էին դրել մաքրել Արցախի հարավային և արևելյան շրջաններին մշտական սպառնալիք ներկայացնող ադրբեջանական զորամիավորումների զբաղեցրած շրջանները։ Ընդհանուր առմամբ՝ Հորադիզը կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող հենակետ էր, քանի որ կապ էր ապահովում Ջեբրայիլի, Ղուբաթլուի և Զանգելանի հետ։ Բացի դրանից, Ղարաբաղի պաշտպանության բանակի առաջխաղացման հետ մեկտեղ ադրբեջանական բնակչությունն անընդհատ նահանջում էր, իսկ Ադրբեջանի հետ կապող միակ ուղին մնացել էր հենց Հորադիզը։

Օգոստոսի 19-ից, երբ Ֆիզուլիում տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումները խախտելով հրադադարը’ սկսում են հրթիռակոծել Հադրութը ԼՂՀ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները, մշակված օպերատիվ պլանիհամաձայնգործելով, անցնում են հակահարձակման։ Մարտունու պաշտպանական շրջանի գումարտակները գործելով երկու ուղղությամբ հրետանու աջակցությամբ ճեղքում են հակառակորդի դիրքերը և ձախ թևից դուրս գալիս մայրուղի։ Ֆիզուլիի ուղղությամբ հարձակման է անցնում նաև Հադրութի պաշտպանական շրջանի Տողի գումարտակը։ Աջ թևից լայնածավալ հարձակման է անցնում Մանվել Գրիգորյանի հրամանատարությամբ գործող 5-րդ բրիգադը, որը ճնշելով թշնամու կրակակետերը և առաջանալով մի քանի ուղղություններով, դուրս է գալիս Ֆիզուլի-Ջաբրայիլ մայրուղի ու վերահսկողություն հաստատում Հորադիզ գյուղ և Արաքսի ափ տանող խճուղին(փաստորեն Հորադիզ գյուղի ազատագրումից հետո նույնանուն քաղաք հասնելու համար բավականին քիչ ճանապարհ էր մնում)։ Այդ պահին 5-րդ բրիգադն Արաքսից հեռու էր մոտ 15 կմ։ Ֆիզուլին պաշտպանող ադրբեջանական 160-րդ գնդի և Ֆիզուլիի բրիգադի զորամասերը (ընդհանուր ըստ տարբեր տվյալների’ 4000-7000 զինծառայող) շրջապատման մեջ չընկնելու համար օգոստոսի 22-ին ստիպված նահանջում են քաղաքից և շրջանից։ Պաշտպանության բանակի վերահսկողության տակ է անցնում մոտ 1380կմ2։

Օգոստոսի 23-ին Կենտրոնական և Հադրութի պաշտպանական շրջանների ստորաբաժանումների համատեղ ջանքերով ազատագրրում են Լենքորանի գումարտակի և տեղի աշխարհազորայինների կողմից պաշտպանվող Ջաբրայիլ քաղաքը, իսկ երկու օր հետո նաև համանուն շրջանի մեծ մասը։ Պաշտպանության բանակի հսկողության տակ է անցնում մոտ 1050կմ2 տարածք։ Օգոստոսի 26-ին թշնամուց լիովին մաքրվում է նաև Հադրութի շրջանի ամբողջ տարածքը։ Հայկական ստորաբաժանումները կանգ են առնում Արաքսից մոտ 15կմ հեռավորության վրա։Հայկական բանակի ազատագրած հաջորդ քաղաքը դառնում է Ղուբաթլուն, որը սեպի պես խրված էր Հայաստանի և Արցախի միջև ու մշտական վտանգ էր ներկայացնում Լաչինի միջանցքի համար։ Պաշտպանության բանակի հարձակողական երեք խմբավորումները ճեղքելով հակառակորդի պաշտպանությունը դուրս են գալիս գլխավոր մայրուղի, գրավում Խանղիլի կամուրջը, Լաչին-Մամեդբեյլի ճանապարհի խաչմերուկներն ու ճանապարհահատվածները։ Չնայած Ղուբաթլուի բավականին ուժեղ ադրբեջանական խմբավորման համառ դիմադրությանը, հայկական ուժերը օգոստոսի 31-ին մարտերով մտնում են Ղուբաթլու քաղաք, ապա նաև վերահսկողություն հաստատում համանուն շրջանի մեծ մասի վրա։

Այս օրերին ադրբեջանական պաշտոնական քարոզչությունը լուրեր է տարածում՝ իբր հայկական ուժերը գրավել են Հորադիզը և ադրբեջանցի փախստականների համար հեռանալու միջանցքներ այլևս չկան։ Այս քայլն անշուշտ ուներ մեկ նպատակ՝ միջազգային հանրության ճնշումների միջոցով կասեցնել հայկական ուժերի առաջընթացը։ Այսինքն՝ Հորադիզի գրավումը կնշանակեր, որ նախկին Ադրբեջանական ԽՍՀ հարավարևելյան շրջանների շուրջ 230 հազար փախստականների ճանապարհը դեպի Բաքու փակված է։

Նույն օրը՝ օգոստոսի 31-ին, Ադրբեջանի և ԼՂՀ միջև ստորագրվեց համաձայնագիր 10 օրով կրակը դադարեցնելու մասին։ Սակայն համաձայնագիրը հակամարտության լուծումը ռազմական դաշտից քաղաքականը տեղափոխելու առումով ոչ մի գործնական արդյունք ձեռք չբերվեց։ Ռազմաճակատի հարաբերական անդորրը պահպանվեց գրեթե մեկուկես ամիս։ Հոկտեմբերի 10-ի գիշերը Ադրբեջանը մարտական գործողությունները վերսկսեց ռազմաճակատի Հադրութի հատվածում։ Հոկտեմբերի 21-ին ադրբեջանական բանակի զորամասերը հարձակում սկսեցին Հադրութ-Ջաբրայիլ ուղղությամբ՝ կրկին սպառնալիքի տակ դնելով Հադրութ ավանի և մերաձակա գյուղերի բնակչության անվտանգությունը։ Սակայն հոկտեմբերի 24-ին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի զորքերը հակահարձակման անցան ճակատի հարավային ուղղությամբ և ճնշեցին հակառակորդի մի քանի խոշոր կրակակետեր։ Այս գործողություններին մասնակցել ենՀադրութի (հրամանատար՝ Ս․ Աղաբեկյան), Մարտունի (Մ․ Հակոբյան), Շուշիի (Վ․ Իշխանյան), պաշտպանական շրջանների Կենտրոնական ենթակայության ստորաբաժանումները, մոտոհրաձգային 5-րդկամավորական բրիգադը (Մ․ Գրիգորյան), «Սիսական» (Հ. Աղայան), «Արաբո» (Մ․ Եղիազարյան), «Սև հովազ», «Այգավան», «Արամ Մանուկյան», «Արցապ», «Գարեգին Նժդեհ» և այլ կամավորական ջոկատներ։

Ղարաբաղյան կողմի գործողությունների արդյունքում լռեցվեցին Հորադիզի կայարանում ու նրա շուրջը տեղակայված կրակակետերը և վերցվեց մեծաքանակ ռազմավար։ Հաղորդակցության ուղիների այս հանգույցի՝ Հորադիզի ենթաշրջանի կորուստը ծանր հարված եղավ Ադրբեջանի համար։

Այս մարտերի ընթացքում արցախյան պաշտպանության ուժերը առգրավեցին աֆղան մոջահեդների առանձին ստորաբաժանումների անձնակազմի, շտաբների անվանացու-ցակներ, Գյանջայի նախկին խորհրդային դիվիզիայի ուսումնական կենտրոնում նրանց լուսանկարներ, կրոնական գրականություն, փուշտու և դարի լեզվով զինվորական ձեռնարկներ, Պակիստան հասցեագրված նամակներ և այլն։ Ակնհայտ էր, որ վարձկանները Պակիստանի վարչապետ Գուլբեդին Հեքմաթիարի ղեկավարած խմբավորումներից են եղել։

Փաստորեն՝ գրավելով Հորադիզի ռազմակայանը՝ ղարաբաղյան ուժերը Ադրբեջանից մեկուսացրին Զանգելանի շրջանը, Ջաբրայիլի և Ղուբաթլուի շրջանների մի մասը, ինչը կարևոր ռազմավարական հենակետի դեր էր կատարում։

Սակայն այս կարևոր հանգույցը Արցախի պաշտպանության բանակի վերահսկողության տակ մնաց մինչև 1994թ-ի հունվարի սկիզբը, երբ ադրբեջանական ուժերը սկսեցին աննախադեպ հարձակում իրականացնել ռազմաճակատի ողջ երկայնքով։ Հունվարի 5-ին Արցախի պաշտպանական ուժերը նահանջեցին Հորադիզից, սակայն կարողացան մի քանի կիլոմետր հեռավորության վրա կասեցնել ադրբեջանական գրոհը։

Այժմ նույնպես Լեռնային Ղարաբաղի հանրապետության սահմանը Ադրբեջանի հետ հարավ-արևելյան մասում անցնում է Հորադիզ քաղաքի (2007թ-ից) մերձակայքով, և կողմերի շփման ամենաթեժ կետերից մեկն է հանդիսանում։

Գոռ Ծառուկյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում