«Ժնեւ-2»-ի աշխատանքը կշարունակվի սիրիական պատվիրակությունների հետ Բրահիմիի կոնսուլտացիաներով

Սիրիային նվիրված «Ժնեւ-2» միջազգային խորհրդաժողովի աշխատանքը հունվարի 23-ին կշարունակվի Սիրիայի կառավարության եւ ընդդիմության պատվիրակությունների հետ ՄԱԿ-ի եւ Արաբական պետությունների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմիի կոնսուլտացիաներով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:Առաջիկա հանդիպումների մասին հայտնի է դարձել միայն հունվարի 22-ի երեկոյան: Ավելի վաղ տարածված տեղեկատվության համաձայն՝ խորհրդաժողովի հաջորդ փուլը պետք է դառնային սիրիական պատվիրակությունների բանակցությունները հունվարի 24-ին: Սակայն, ինչպես ընդգծել է Բրահիմին, որը հայտարարել է առաջիկա հանդիպումների մասին, որոշում է ընդունվել «չհետաձգել սիրիացի եղբայրների հետ բանակցությունների սկսվելը»:

Հատուկ ներկայացուցչի խոսքով՝ առաջիկա կոնսուլտացիաների գլխավոր խնդիրը լինելու է սիրիական հակամարտության կողմերի միջեւ անմիջական երկխոսության նախապատրաստումը, որոնց մեկնարկը պլանավորված է ուրբաթ օրը:

«Ես կողմերի հետ կհանդիպեմ առանձնաբար՝ պարզելու՝ ինչպես է ավելի լավ առաջ շարժվել»,- ասել է Բրահիմին:- Կհանդիպեմ, որպեսզի նրանց ուրբաթ օրը մեկտեղեմ մի սենյակում կամ դարձյալ խոսեմ առանձնաբար: Առայժմ չգիտեմ»:

Բանակցություններում Սիրիայի կառավարության պատվիրակությունը գլխավորում է կառավարության փոխնախագահ, արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալեմը: Ռեժիմի հակառակորդների պատվիրակությունը, որի կազմում ընդգրկվել են միայն արտաքին ընդդիմության ներկայացուցիչները, կգլխավորի Ընդդիմադիր եւ հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի առաջնորդ Ահմեդ ալ-Ջարբան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում