Էրդողանի նախկին նախարարներին հայտարարել են կազմակերպված հանցավոր խմբի առաջնորդներ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության երեք նախկին նախարարներին, ովքեր պաշտոնանկ էին արվել դեկտեմբերի կեսերից սկսված սկանդալի պատճառով, հայտարարել են կազմակերպված հանցագործ խմբավորման առաջնորդներ:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական «T 24» ինտերնետային կայքը, նման մեղադրանքով հանդես է եկել Ստամբուլի դատախազ Ջելալ Քարան: Խոսքը Թուրքիայի նախկին նախարարներ Մումար Գյուլերի, Զաֆեր Չաղլայանի եւ Էգեմեն Բաղըշի մասին է: Նրանց նկատմամբ առաջ քաշված մեղադրականում բազմաթիվ փաստեր են նշվել այն մասին, որ նախկին նախարարները կոռուպցիայի, կաշառակերության, դրամաշորթության եւ «կեղտոտ» փողերի լվացման գծով հանցագործ խմբավորման հիերարխիայում զբաղեցրել են ամենաբարձր դիրքերը: Գործում տեղ են գտել լուսանկարներ, հեռախոսային խոսակցությությունների ձայնագրություններ եւ փաստաթղթեր, որոնք հաստատում են նախկին նախարարների մասնակցությունը կազմակերպված հանցավոր խմբի գործունեությանը:

Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալի հետ կապված հայտնի մարդկանց ձերբակալելու մասին որոշումը դեկտեմբերի 17-ին ստորագրել էր դատախազ Ջելալ Քարան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում