Էրդողանը դատի է տվել ընդդիմադիր կուսակցապետին

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «իր անձնական իրավունքները ոտնահարվելու» մեղադրանքով դատական հայց է ներկայացրել գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»’վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, Էրդողանը հայտարարել է 2014 թ. հունվարի 14-ին իր ղեկավարած «Արդարություն եւ զար գացում» (ԱԶԿ) կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում:Այդ հայցով Էրդողանը Քըլըչդարօղլուից 100 հազար լիրա փոխհատուցում է պահանջում իրեն հասցված ոչ բարոյական վնասի համար:

Էրդողանի երեք փաստաբանների համատեղ բացված դատական հայցում նշվում է, որ դեկտեմբերի 17-ին թուրքական ոստիկանության կողմից բացահայտված կոռուպցիոն սկանդալի համար իշխանություններին ուղղված Քըլըչդարօղլուի քննադատությունները գտնվել են խոսքի ազատության շրջանակից դուրս: Փաստաբանների կարծիքով, քաղաքական եւ իրավական քննադատությունների փոխարեն, ԺՀԿ առաջնորդը Էրդողանին անձնական վիրավորանքներ է հասցրել’ անվանելով նրան «կոռուպցիայի մեծ գիտակ», «աշխարհի ամենահարուստ վարչապետ», «դաժան», «անամոթ», «կաշառակեր»: Փաստա բանները դատարանից պահանջել են բարոյական փոխհատուցման բարձր գին սահմանել վարչապետին վիրավորելու եւ զրպարտելու երեւույթները կանխելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում