Քարվաճառի շրջանի Եղեգնուտ գյուղի` Պետոյի անունը կրող դպրոցում կնշվի ազատամարտիկի ծննդյան օրը
Նմանատիպ
ԼՂՀ Քարվաճառի (Շահումյանի) շրջանի Եղեգնուտ գյուղի դպրոցը կրում է ազատամարտիկ Պետրոս Ղեւոնդյանի (Պետո) անունը:
Դպրոցի պատերից մեկն ամբողջությամբ նվիրված է ազատամարտիկ Պետրոս Ղեւոնդյանին, նրա անցած մարտական ուղուն: «Քո սխրանքն անմահ է, քո անունը’ մեր սրտերում» խորագրի ներքո փակցված են Պետոյի լուսանկարներից, նրա մասին պատմող նյութեր: Դպրոցի ուսուցչական կազմի եւ հատկապես ուսուցչուհի Մարիամ Փիլաֆյանի ջանքերով դպրոցում զգացվում է հերոս-ազատամարտիկի շունչը, երեխաները դեռ վաղ տարիքից ծանոթանում են նրա հայրենասիրությանն ու քաջությանը:
Եւ այսօր էլ, Պետոյի ծննդյան տարեդարձին, նրա անունը կրող դպրոցը կազմակերպում է միջոցառում: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց միջոցառման կազմակերպիչ, դպրոցի ուսուցչուհի Մարիամ Փիլաֆյանը, միջոցառման ընթացքում կներկայացվեն ազգագրական պարեր, Պետոյին նվիրված երգ: Դպրոցի գրադարանում կբացվի նաեւ ազատամարտիկին նվիրված անկյուն:
Եղեգնուտ գյուղի դպրոցը գործում է 1999 թ.-ից: Դպրոցի այսօրվա բարեկարգ ու մաքուր շենքը կառուցվել է 2010 թվականին: Իսկ մինչ այդ, ինչպես մեզ հետ զրույցում ավելի վաղ նշել էր դպրոցի տնօրեն Ժորիկ Սարգսյանը, սկզբնապես դասավանդումն իրականացվում էր հիմնականում տներում:
«Սկզբում դպրոցում կար 4-6 աշակերտ: Այնուհետեւ մի դպրոց կառուցվեց բարերարների օգնությամբ: Այդ շենքը, որտեղ մենք տարիներով դաս ենք արել, այժմ ծառայում է որպես գյուղապետարան: Երեխաների թիվը գնալով ավելանում էր, մինչեւ նոր շենքի կառուցումն անհրաժեշտ եղավ դպրոցին կցել եւս երկու բնակելի տուն», պատմում է դպրոցի տնօրենը: 14 տարի առաջ դպրոց էր հաճախում 4-5 աշակերտ, իսկ այսօր դպրոցն այսօր ունի 56 աշակերտ:
Ինչպես եւ շրջանի գրեթե բոլոր համայնքների դպրոցներում, Եղեգնուտի դպրոցում եւս որոշ դասարաներ պակասում են, ինչպես նաեւ առկա են երկու կոմպլեկտ դասարաններ: Բայց եւ այնպես, աշակերտների թվի աճն ակնհայտ է:
Տնօրենի խոսքով, շրջանավարտները հիմնականում դիմում են բուհեր ինչպես Ստեփանակերտում այնպես էլ’ Երեւանում:
Պետրոս Ղեւոնդյանի անունը կրող դպրոցի շենքի ամեն անկյունում խնամվածություն ու ուշադրություն է նկատվում: Պատերից փակցված պաստառները հստակ նպատակ ունեն’ հայրենասեր ու կարգապահ երեխաներ դաստիարակել:
Թամարա Գրիգորյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում