Ֆրանսիայի նախագահը նախազգուշացրել է Ուկրաինայում իրադրության հնարավոր սրման մասին

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նախազգուշացրել է Ուկրաինայում իրադրության հնարավոր սրման մասին եւ կոչ է արել «վերսկսել երկխոսությունը»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա հայտարարել է հունվարի 30-ին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում:«Առաջիկա ժամերին կամ օրերին դիմակայությունն ու բռնությունն Ուկրաինայում կարող են վերսկսվել, եւ մենք պետք է ամեն ինչ անենք երկխոսությունը վերականգնելու եւ լարվածությունը թուլացնելու համար»,- ասել է նա, հավելելով, որ «Եվրամիության բոլոր երկրները պետք է միաձայն պաշտպանեն ընդդիմության եւ իշխանությունների միջեւ բանակցությունների վերսկսումը եւ որպես միջնորդներ հանդես գան այդ գործընթացում»:

Ինչպես հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, մամուլի ասուլիսում հարց է բարձրացվել Ուկրաինայի հետագա ճակատագրի մասին: Երկու քաղաքական գործիչներն էլ հայտարարել են, որ «Ուկրաինայի համար ԵՄ-ի դռները միշտ էլ բաց են»: Ընդսմին Օլանդն ընգծել է, որ «ոչ ոք չի պատրաստվում Ուկրաինային վճարել, որպեսզի նա համաձայնի ստորագրել ասոցացման համաձայնագիրը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում