Ադրբեջանում ընդդիմադիր նոր կուսակցություն է ստեղծվել

Ադրբեջանում հունվարի 30-ին հայտարարվել է «Ապագա Ադրբեջան» նոր ընդդիմադիր քաղաքական կուսակցություն ստեղծվելու մասին: Նոր կուսակցության կազմակերպչական կոմիտեի անդամ Աղա Աբդուլլաօղլուն հայտնել է, որ կառույցը հիմնադրվել է 2013 թ-ի դեկտեմբերի 20-ին:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կուսակցության կազմակերպչական կոմիտեի 25-ամյա նախագահ Աղասիֆ Շաքիրօղլուն «Ազադլիգ»-ի հետ զրույցում նշել է, որ կուսակցության հիմքը կազմելու են երիտասարդները: Նրա կարծիքով’ վերջին 20 տարում ներկայիս իշխանությունն իրեն տարել է «երկարաժամկետ պարտության»: Անհրաժեշտ են նոր ռազմավարություն եւ մարտավարություն, նոր մեթոդներ: Աղասիֆ Շաքիրօղլուն հայտնել է, որ նորաստեղծ կուսակցությունը «սկզբունքայնություն, վճռականություն, անզիջողականություն, հարմարավետության բացակայություն» է ցուցադրելու:

Նա հայտնել է, որ փետրվարի 14-ին տեղի է ունենալու կուսակցության համագումարը, մայիսին ավարտվելու են շրջաններում կուսակցության բաժանմունքներ ստեղծելու աշխատանքները: «Մինչեւ 2015 թ-ը մենք մեծ ուսանողական շարժում ենք ստեղծելու, որն իր հզորությամբ եւ նշանակությամբ լինելու է եթե ոչ առաջին, ապա երկրորդ կուսակցությունն Ադրբեջանում»,- նշել է նա’ հավելելով, որ այդ ժամանակ իրենք պատրաստ կլինեն համագործակցել ընդդիմադիր իրական կուսակցությունների հետ:

Աղասիֆ Շաքիրօղլուն ասել է, որ առայժմ աշխատանքները տարվում են կուսակցության անդամների անձնական ֆինանսական միջոցների հաշվին: Նա հերքել է տարածված լուրերն այն մասին, որ կուսակցության ստեղծման հետեւում կանգնած են բանտարկության մեջ գտնվող Առողջապահության նախկին նախարար Ալի Ինսանովն ու խորհրդարանի նախկին խոսնակ Ռասուլ Գուլիեւը: Միաժամանակ նա նշել է, որ կուսակցությունը մտադիր է պայքար տանել քաղաքական վտարանդիության մեջ գտնվող անձանց վերադարձնելու, ինչպես նաեւ քաղաքական կալանավորներին ազատ արձակելու ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում