Հիլարի Քլինթոնը դեմ է Իրանի նկատմամբ պատժամիջոցներին

Իրանի դեմ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները կարող են հանգեցնել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցությունների ձախողման: Նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը խնդրո առնչությամբ նամակ է ուղարկել ԱՄՆ-ի Սենատ: Փաստաթղթի տեքստը փետրվարի 2-ին հրապարակել է Սենատի զինված ուժերի գործերի կոմիտեի նախագահ Կառլ Լեւինը:

«Այժմ, երբ վերջապես լուրջ բանակցություններ են սկսվել, մենք պետք է հնարավոր ամեն ինչ անենք, որպեսզի պարզենք՝ կարելի է արդյոք այդ կերպ հասնել հիմնախնդրի լուծման»,- նշել է Քլինթոնը: Նա համաձայնել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ, որ «մենք պետք է շանս տանք դիվանագիտությանը, բայց ընդսմին չմոռանանք հնարավոր մյուս տարբերակների մասին»:

Քլինթոնը վկայակոչել է «ամերիկյան հետախուզական հանրակցության գնահատականն այն մասին, որ այժմ միակողմանի պատժամիջոցների սահմանումը կվնասի Իրանի հետ համակողմանի համաձայնագրի հասնելու հեռանկարներին»: «Ես համաձայն եմ այդ կարծիքին: Այդ պատժամիջոցները կարող են մեզ հետ շպրտել դիվանագիտական այն բարձունքներից, որոնց մենք հասել ենք այնքան դժվարությամբ: Դրանք կարող են խախտել համաշխարհային հանրակցության միասնությունը, հանգեցնել Իրանի վրա գործադրվող ճնշման թուլացման»,- Քլինթոնի խոսքերն է մեջբերում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում