Դամասկոսի Ջարամանա թաղամասում ռումբեր են ընկել

Դամասկոսի Ջարամանա թաղամասում փետրվարի 2-ին ռումբեր ընկնելու հետևանքով 24 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ կանայք և երեխաներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ոստիկանությունը տեղեկացրել է, որ ռումբերն ընկել են Ջանաին, Ջամիյաթ, Ռուդա, Թալալիհ, Դաֆ Սախր, Բիդր և այլ թաղամասերում: Բացի դրանից, ռումբերից մեկն ընկել է Հասան Բաշիր դպրոցի վրա. 2 երեխա է վիրավորվել: Մարդկային վնասներից բացի, մոտակայքում գտնվող տները, առևտրի կենտրոնները և մեքենաները նյութական վնասներ են կրել: Մեկ այլ ռումբ ընկել է Դամասկոսի մերձակայքում բտնվող Ասալ Ուարդ գյուղում, որից 3 քաղաքացիներ են վիրավորվել:Սիրիական բանակը զինյալներին պատկանող զենքեր և թաքստոցներ է ոչնչացրել Դումա, Մուլհիե, Զաբադանի, Մաաուլա, Սեյդանյա, Դարիա, Խան աշ Շեյխ շրջաններում: Ընդդիմադիր կայքերի տեղեկացմամբ’ Սիրիայի կառավարական ուժերը ռմբակոծում են Դամասկոսի հյուսիսում գտնվող Կալամուն շրջանը: Բացի դրանից, բախումները շարունակվում են Դամասկոսի Ջոբար թաղամասի մերձակայքում:

Սիրիական եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը հասել է 120 հազարի, այդ թվում զոհված հայերի թիվը գերազանցել է 70-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում