ԱՄՆ-ը խոստովանել է, որ անհաջողություն է կրել Աֆղանստանում թմրանյութերի արտադրության դեմ պայքարում

ԱՄՆ-ը վերջին տարիներին մոտավորապես 10 մլրդ դոլար է ծախսել Աֆղանստանում թմրանյութերի արտադրության դեմ պայքարելու համար, սակայն այդ ուղղությամբ ոչ մի լուրջ հաջողություն այդպես էլ ձեռք չի բերվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ամերիկյան CNN հեռուստաընկերության լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի՝ Աֆղանստանի վերակառուցման հարցերով գլխավոր տեսուչ Ջոն Սոպկոն:«Մենք Աֆղանստանի վերակառուցման համար ծախսել ենք ավելի քան 100 մլրդ դոլար՝ ավելի, քան մեր հանրապետության գոյության ողջ ժամանակաշրջանում որեւէ այլ երկրի վրա,- նշել է տեսուչը:- Ներկայում մենք Աֆղանստանի վրա կրկնակի ավելի շատ ենք ծասխում, քան հետեւյալ երեք երկրների՝ Եգիպտոսի, Պակիստանի եւ Իսրայելի վրա միասին վերցրած»:

«Վերակառուցման ընդհանուր միջոցներից մենք 10 մլրդ դոլար ծախսել ենք թմրանյութերի դեմ պայքարելու համար,- նշել է Սոպկոն:- Եվ եթե նկատի առնենք դրանց արտադրությունը, աճեցումը, ինչպես նաեւ այն, թե հաջողվել է արդյոք կտրել կապը թմրամշակույթի, թմրանյութերի արտադրության եւ զինյալների գործողությունների միջեւ, ապա բոլոր այս երեք ցուցանիշները խոսում են այն մասին, որ մենք անհաջողություն ենք կրել»:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հիշեցնում Է, որ Աֆղանստանը համարվում է այն ափիոնի ամենախոշոր արտադրողը, որը մատակարարվում է համաշխարհային շուկային:

Հետևեք մեզ նաև Telegram-ում