Ադրբեջանն արդեն «առաջին տեղն» է գրավել Սոչիում

Ադրբեջանն արդեն առաջին տեղն է գրավել Սոչիի ձմեռային օլիմպիադայում, բայց ոչ թե սպորտային հաջողություններով և մեդալների թվաքանակով, այլ դրանց համար վճարելիք գումարի չափով:

«Ազատություն» ռադիոկայանը նշում է, որ Ադրբեջանը Սոչիի օլիմպիադայում ներկայացնում են չորս մարզիկներ, որոնց մեջ ոչ մի ադրբեջանցի չկա: Ադրբեջանի օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Չինգիզ Հուսեյնզադեն այդուհանդերձ հույս է հայտնել, որ «ադրբեջանցի» մարզիկները կհայտնվեն առաջին տասնյակում:

«Ազատություն»-ը հայտնում է, որ Ադրբեջանը օլիմպիական խաղերում մեդալներ շահած իր մարզիկների համար որպես պարգև գրեթե 10 անգամ ավելի գումար է նախատեսել, քան աշխարհի առաջատար երկրները:

Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում Ադրբեջանի’ օտարեկրացի մարզիկներով հանդես գալու մասին BBC-ն ավելի վաղ հայտնել է, որ ադրբեջանական դրոշի տակ Սոչիում ելույթ կունենան լեռնադահուկորդներ Պատրիկ Բրախները (Ավստրիա), Սեդրիկ Հոթցը (Շվեյցարիա), իտալուհի Գայա Բասանի Անտիվարին, ինչպես նաև Ալեքսեյ Սիտնիկով-Յուլիա Զլոբինա (նախկին ռուսաստանցիներ) չմշկասահքի պարային զույգը: BBC-ն նշել է, որ Ադրբեջանը ձմեռային օլիմպիական խաղերում ոչ մի անգամ հաջողություն չի գրանցել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում