Բաղդադում պայթյունների հետևանքով 5 տասնյակից ավելի մարդ է տուժել

Իրաքի մայրաքաղաք Բաղդադի տարբեր թաղամասերում փետրվարի 5-ի առավոտյան ուժգին պայթյուններ են որոտացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, պայթյունների հետևանքով 16 մարդ զոհվել է և վիրավորվել ևս 35-ը: Անվտանգության աղբյուրները տեղեկացնում են, որ պայթյուններից մեկը որոտացել է Արտաքին գործերի նախարարության մուտքի մոտ, որի հետևանքով 7 մարդ է զոհվել, ևս 15-ը’ վիրավորվել:

Ինչ վերաբերում է երկրորդ պայթյունին, ապա այն տեղի է ունեցել Քրադա Մարյամ շրջանում, որտեղ պետական շենքեր և դեսպանատներ են գտնվում: Եվս մեկ պայթյուն որոտացել է մայրաքաղաքի առևտրի կենտրոններից մեկի մոտ: Տեղի ունեցած պայթյուններն իրականացրել են զինված խմբավորումները, որոնց դեմ Իրաքի զինված ուժերը ռազմական գործողություններ են սկսել Անբարի շրջանում:Ավելի վաղ փետրվարի 4-ին պայթյուններ էին տեղի ունեցել Խադրա թաղամասում, որի հետևանքով 10-ից ավելի մարդ էր զոհվել: Տեղեկություններ էին ստացվել, որ Իրաքում 2014թ.-ի հունվարին ահաբեկչությունների և բռնությունների զոհ է դարձել հազարից ավելի մարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում