ConiFA-ն մերժել է չճանաչված երկրների ֆոտբոլի առաջնությանը ԼՂՀ-ի մասնակցության դեմ Ադրբեջանի բողոքը

Չճանաչված երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների համադաշնությունը (ConiFA) մերժել է չճանաչված երկրների ֆուտբոլի առաջնությանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցության հետ կապված Ադրբեջանի ֆուտբոլի ասոցիացիաների բողոքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է Համադաշնության կայքում:«ConiFA-ն ստեղծվել է չճանաչված տարածաշրջաններին, փոքրամասնություններին, երկրներին, մարդկանց եւ տարածքներին ֆուտբոլի միջոցով իրենց ներկայացնելու հնարավորություն տալու համար: Մենք չենք դատում Լեռնային Ղարաբաղի քաղաքական իրավիճակի, անկախության կամ կախվածության մասին: Այդ պատճառով մենք հասատում ենք ԼՂ-ին արված հրավերը, ինչի մասին գրավոր հայտնել ենք Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիային (AFFA): Մեզ համար կարեւոր է, որ Արցախի ֆուտբոլի ֆեդերացիան չի հանդիսանում ոչ AFFA-ի, ոչ FIFA-ի մաս: Դա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղում ֆուտբոլը մե կուսացված է միջազգային հանրակցությունից, իսկ ակումբի խաղացողները հնարավորություն չունեն մասնակցել միջազգային հանդիպումներին կամ առաջնություններին», -նշում է ConiFA-ն:

Կոնֆեդերացիան գտնում է, որ երկրագնդի մարդիկ պետք է հնարավորություն ունենան միմյանց հետ միջազգային ֆուտբոլ խաղալ եւ ներկայացնել իրենց մշակույթը:

«Այդ պատճառով մենք այլ ընտրություն չունենք, քան AFFA-ի հարցումը մերժելը: Հուսով ենք, որ AFFA-ն հարգանքով կընդունի մեր որոշումը: Մենք ցանկանում ենք ընդգծել, որ մեր որոշումը պետք է չընդունվի որպես քաղաքական հայտարարություն, եւ նպատակ չունի նեղացնել AFFA-ին, Ադրբեջանի Հանրապետությանը կամ ադրբեջանական ժողովրդին: Մենք հավասարապես հարգում ենք բոլորին’ անկախ մշակույթից, կրոնից, քաղաքական հայացքներից կամ ժառանգությունից», -եզրափակում է ConiFA-ն:

AFFA-ն օրերս բողոք էր հայտնել ConiFA-ին’ կապված ԼՂՀ-ի ֆուտբոլի թիմի’ չճանաչված երկրների ֆուտբոլի առաջնությանը մասնակցելու հրավեր ստանալու հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում