Ռուսաստանը Սիրիայի վերաբերյալ բանաձեւի այլընտրական նախագիծ է ներկայացրել

Ռուսաստանը փետրվարի 12-ի երեկոյան Սիրիայի հումանիտար իրադրության վերաբերյալ բանաձեւի իր նախագիծն է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրներին:  Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել է համաշխարհային կազմակերպությանն առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցչության մամուլի ծառայության ղեկավար Ալեքսեյ Զայցեւը: Բանաձեւի նախագծի տեքստի վերաբերյալ որեւէ մանրամասն նա չի ներկայ ացրել:Արտասահմանյան գործակալությունների հաղորդագրությունների համաձայն՝ նախօրյակին Նյու Յորքում տեղի է ունեցել ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի ոչ պաշտոնական հանդիպումը:

Ավելի վաղ բանաձեւի իրենց նախագիծն են ներկայացրել Ավստրալիան, Լյուքսեմբուրգը եւ Հորդանանը: Դրանում առաջարկվում է պատժամիջոցի սպառնալիքի ներքո 15 օր տալ Սիրիայում բռնությունները դադարեցնելու համար: ՄԱԿ-ին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը լրագրողներին հայտարարել է, որ նման բանաձեւը կարող է վիժեցնել սիրիական ճգնաժամի կարգավորմանն ուղղված ջանքերը:

Ինչպես սպասվում է, մոտ ժամանակներս կքննարկվեն բանաձեւի երկու նախագծերը, որպեսզի համաձայնեցվի միասնական փաստաթուղթ: Դրա ընդունումը պնդել է, մասնավորապես, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Վալերի Ամոսը:

Իր հերթին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Աֆաֆ Կոնջան ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է, որ ՄԱԿ-ի ԳԱ-ն Սաուդյան Արաբիայի նախաձեռնությամբ պլանավորում է փետրվարի 20-ին անցկացնել լիագումար նիստ՝ նվիրված Սիրիայի հումանիտար իրադրությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում