Թուրքիայի պաշտպանության նախարարը հրապարակել է քրդերի հետ զինված բախումներում մարդկային կորուստների թիվը

Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտնել է, որ մինչեւ անցյալ տարվա հունվարին Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) զինված թեւի կողմից զինադադար հայտարարելը Թուրքիայում քրդերի հետ զինված բախումներում 13 հազարից ավելի զինծառայող եւ քաղաքացիներ են զոհվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, Յըլմազն այդ մասին հայտնել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կողմից Սվազի քաղաքապետի պաշտոնում առաջադրված թեկնածուի հետ հանդիպման ժամանակ:

«Արդեն տարուց ավելի է, որ ոչ մի տան վրա կրակ չի բացվել: Քրդական խնդրի լուծման գործընթացը սկսվելուց առաջ զինված ուժերի կորուստը կազմել է 5347 զինծառայող, զոհվել են գյուղերի 378 պահապաններ, 283 ոստիկաններ եւ 5791 քաղաքացիական անձինք: Այդ գործընթացը 1984 թ. այս կողմ արյունահեղությունը դադարեցնելու համար ժողովրդավարացման ճանապարհին կատարված ամենակարեւոր քայլն է: Մարդկային կորուստներից բացի բախումներում Թուրքիան միլիարդավոր դոլարների ֆինանսական միջոցներ է կորցրել: Եթե այդքան միջոցներ չծախսվեին, Թուրքիան այժմ ոչ մի անլուծելի տնտեսական եւ սոց իալական հարց չէր ունենա», -ասել է նա:

Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ 1984 թ. PKK-ի կողմից սկսված ազատագրական պայքարի սկզբից մինչ այժմ թուրք-քրդական զինված բախումներում 40 հազարից ավելի մարդ է զոհվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում