Կիպրոսի նախագահը Թուրքիային առաջարկել է արտահանել կղզում առկա էներգակիրները

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հանդես է եկել կղզու վերամիավորման բանակցություններին վերաբերող անակնկալ հայտարարությամբ: Նա Թուրքիային առաջարկել է Կիպրոսի առափնյա ջրերում առկա էներգակիրների արդյունահանման և արտահանելու համար խողովակաշար կառուցել: 

Կիպրոսի առաջնորդն ասել է, որ կղզու վերամիավորման խնդրի’ մոտ ժամանակում ակնկալվող լուծումը ոչ միայն դրական ազդեցություն կունենա Միջերկրական ծովում Կիպրոսին հարող ջրերում հայտնաբերված գազը Իսրայելի կողմից արտահանելու վրա, այլ նաեւ կնորացնի Թուրքիայի հետ Նիկոզիայի միջեւ հարաբերությունները: Անաստասիադիսը նշել է, որ Կիպրոսում հնարավոր էներգետիկ համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը «հիմնաքար կհանդիսանա» Անկարայի եւ Թել Ավիվի միջեւ սառեցված հարաբերությունների վերականգնման համար:

Նիկոս Անաստասիադիսն ասել է նաեւ, որ Կիպրոսից դեպի Թուրքիա խողովակաշարի կառուցումը շատ ավելի էժան այլընտրանք է:

Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին Կիպրոսի վերամիավորման խնդրով կղզու հունական եւ թուրքական հատվածների առաջնորդների միջեւ բանակցությունները վերսկսվելու մասին: Նշվել էր, որ կողմերը բանակցում են «երկու իրավահավասար համայնքներով մեկ ինքնիշխան դաշնային պետություն» ստեղծելու շուրջ, որով, ինչպես ակնկալվում է, վերջ կդրվի Կիպրոսի 40-ամյա բաժանմանը:

Թուրքիան 1974 թ. բռնազավթել է Կիպրոսի մեկ երրորդ տարածքը, այնտեղ հռչակել այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն, որը մինչ այժ ճանաչել է միայն Անկարան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում