Գյուլենական կծիկը հասել է Ադրբեջան

Վերջին օրերին թուրքական մամուլում հրապարակումներ են հայտնվել, որոնցում Ադրբեջանի կառավարության նախարարները մեղադրվել են Ֆեթուլլահ Գյուլենի կողմից ստեղծված եւ ղեկավարվող նուրսիստների կրոնական հոսանքի հետ կապեր ունենալու մեջ:

Համացանցում օրերս հրապարակվել էր Գյուլենի եւ Թուրքիայի արդյունաբերողների ու գործարարների համադաշնության (TUSKON) ղեկավար, Ուգանդայում Թուրքիայի պատվավոր հյուպատոս Մուստաֆա Գյունեյի միջեւ հեռախոսազրույցի ձայնագրությունը, որում խոսում են Ադրբեջանի ՆԳՆ ներքին զորքերի հրամանատար Զաքիր Հասանովին երկրի պաշտպանության նախարար նշանակելու մասին: Զրույցի ընթացքում Զաքիր Հասանովը բնութագրվում է որպես «համայնքին մոտ մարդ» եւ խոսվում է այն մասին, որ Գյուլենը նամակով շնորհավորել է նրան նախարար նշանակվելու կապակցությամբ:

Դրանից հետո անմիջապես Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես էր եկել պաշտոնական հերքումով եւ պնդել, որ «Զաքիր Հասանովը ոչ մի հարաբերություն չունի Ֆեթուլահ Գյուլենի եւ Մուստաֆա Գյունեյի հետ»:

Թուրքական haber10.com լրատվական կայքն այսօր նման մի հոդված է հրապարակել նաեւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի մասին’ նշելով, որ վերջինս Ֆեթուլլահ Գյուլենի գաղափարների հետեւորդ է եւ հանդիսանում է նուրսիստների կրոնական հոսանքի տարածման համար «պայմաններ ստեղծող եւ առաջ տանող հիմնական անձանցից» մեկը:

Թուրքական կայքը հայտնում է, որ Գյուլենը ամրապնդում է իր դիրքերը Ադրբեջանի էներգետիկ հատվածում եւ ԱՄՆ-ի ու Իսրայելի օժանդակությամբ խոչընդոտներ ստեղծում Թուրքիայի էներգետիկ շահերի իրագործման համար: Կայքը նշում է նաեւ, որ այդ նպատակով արդեն միլիոնավոր դոլարներ են ծախսվել:

Թուրքական կայքն իր պնդումները հիմնավորում է’ հղում կատարելով kemallevent.wordpress.com բլոգում Ստամբուլի Գեզի այգու բողոքների հետ կապված հրապարակումներին, որտեղ նշվում են «Թուրքիայի եւ Ադրբեջանի էներգետիկական քաղաքականության դեմ ԱՄՆ-ում Ֆեթուլլահ Գյուլենի խմբի լոբբիստական գործունեությունը հաստատող փաստաթղթերը»:

Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությանը մոտ կանգնած թուրքական կայքը նշել է նաեւ վերջերս կազմակերպված մի էներգետիկական համաժողովի’ Գյուլենի ղեկավարած Turkuaz Conucl կազմակերպության կողմից ֆինանսավորվելու եւ ամերիկացի մասնակիցներին 1,5 մլն դոլար վճարվելու մասին: Կայքը նաեւ համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանում նուրսիստների համայնքի դիրքերի ամրապնդումն իրականացվել է Բաքվի եւ Թել Ավիվի միջեւ հարաբերությունների ամրապնդմանը զուգահեռ, եւ անգամ Ադրբեջանում հիջաբի (կանանց մահմեդական գլխաշոր) արգելքն է համապատասխանել Իսրայել-ԱՄՆ-Գյուլեն մ իության շահերին:

Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությունը Ադրբեջանում գործունեությունը սկսել է 1990-ական թվականներից: Ադրբեջանում գործում են Գյուլենի համայնքի 14 միջնակարագ դպրոցներ, ԲՈւՀ ընդունվելու նախապատրաստական դասընթացներ եւ մեկ համալսարան: Նուրսիստները մասնաբաժին ունեն Ադրբեջանում լայնորեն հայտնի հեռուստաալիքում, նրանք պատգամավորներ ունեն Ադրբեջանի խորհրդարանում:

«Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը, որ համարվում է նաև նուրսիստների (նուրչուլար) շարժում, արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Այն հարյուրավոր դպրոցներ ունի աշխարհի բազմաթիվ իսլամական երկրներում, այդ թվում’ Թուրքիայում եւ Ադրբեջանում: Մինչեւ վերջերս այն համարվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) քաղաքական հենարանը: Իսրայելի հետ Թուրքիայի միջեւ հարաբերությունները երկու տարի առաջ «Մավի Մարմարա» նավի միջադեպի պատճառով լարվելուց հետո Էրդողանի եւ Գյուլենի միջեւ հարաբերությունները սրվել են: Դեկտեմբերի կեսերին Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալից հետո, որով բացահայտվել է թուրքական կառավարության անդամների, նրանց մերձավորների, այդ թվում վարչապետի որդու, փեսայի եւ դստեր’ հայտնի գործարարների հետ խոշոր կոռուպցիոն գործարքների մեջ լինելը, Էրդողանը հայտարարել է, որ դրա հետեւում կանգնած են գյուլենական համայնքի հետեւորդները, որոնք ցանկանում են տապալել իր կառավարությունը: Էրդողանը աշխատանքից հեռացրել է կոռուպցիոն սկանդալը բացահայտած 500-ից ավելի իրավապահների, դատախազների եւ դատավորների:

Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի եւ ժողովրդավարության համատեղելիություն: Ֆեթուլլահ Գյուլենը, ով 1999թվականից որպես վտարանդի բնակվում է ԱՄՆ-ում, մեծ ազդեցություն ունի թուրքական կառավարության եւ ուժային կառույցների վրա: Թուրքական խորհրդարանում ԱԶԿ-ի զգալի թվով պատգամավորներ համարվում են գյուլենական աղանդի հետեւորդներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում