Ջեյմս Ուորլիքը Թուրքիայում քննարկել է Արցախի հարցը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հանդիպումներ է ունեցել Թուրքիայի պաշտոնական շրջանակների հետ, ինչի մասին գրել է Twitter-ի իր էջում:

Ինչպես հաղորդում ամերիկացի դիվանագետը հայտնել է. «Տարածաշրջանային խնդիրների, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված թուրքական կառավարության կարծիքն իմանալն օգտակար էր: Մենք հավատարիմ ենք Մինսկի խմբի համանախագահների ձևաչափին»:

Վերջին ժամանակներս թուրք-ադրբեջանական կողմը պարբերաբար շրջանառում է ձևաչափի փոփոխության հարցը’ ցանկանալով միջնորդական խմբում ընդգրկել նաև Թուրքիային:
Եթե առերես եռանախագահող երկրները’ ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան որոշակի չեզոքություն են դրսևորում, ապա նույնը չենք կարող ասել Թուրքիայի մասին: Մի կողմ դնենք հայ-թուրքական հարաբերությունները: Այն հանգամանքը, որ Թուրքիան կոնֆլիկտի պատճառով փակ է պահում Հայաստանի հետ սահմանը, արդեն իսկ խոսում է, որ այս երկիրը կոնֆլիկտում անուղղակիորեն ներգրավված երկիր է, ուստի բացառվում է նրա միջնորդական գործունեությունը:

 Կարդացեք նաև` Ինչո՞ւ է Ջեյմս Ուորլիքը մեկնել Թուրքիա

Ջեյմս Ուորլիքի ակտիվ գործունեություն մտահոգության տեղիք է տալիս, քանի որ հարց է առաջանում, թե ով է լիազորել նրան նման նախաձեռնություններով հանդես գալ: Կարելի է ենթադրել, որ նա համաձայնություն է ստացել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահների կողմից: Կամ բավականին վտանգավոր է նաև այն մտահոգությունը, որ Ուորլիքն արտահայտում է ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումը: Չպետք է մոռանանք, որ վերջերս ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, խոսելով Արցախյան կոնֆլիկտի կողմերի մասին, մատնանշել է նաև Թուրքիային:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը Արցախյան կոնֆլիկտի կարգավորման գործընացում ընդամենը միջնորդ է, իսկ միջնորդները միջազգային իրավունքում ունեն որոշակիորեն ֆիքսված իրավունքներ և պարտականություններ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում