Վրաստանում ՏԻՄ ընտրությունները կանցկացվեն հունիսի 15-ին

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել Է, որ երկրի քաղաքների ու շրջանների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կնշանակվեն հունիսի 15-ին: Այդ մասին  նա հայտնել Է՝ խորհրդարանում հանդես գալով երկրի իրադրության մասին տարեկան զեկույցով:

Նախագահն ասել Է, որ «տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քաղաքական ուժերի, դիտորդական առաքելությունների, ամբողջ հասարակության նախապատրաստվելու համար ժամանակ Է անհրաժեշտ, այդ ընտրությունները կնշանակվեն այս տարվա հունիսի 15-ին»: «Համապատասխան կարգադրությունը ես կստորագրեմ մոտ ժամանակներս այն բանից հետո, երբ խորհրդարանը կընդունի Ընտրական օրենսգիրքը»,-ասել Է Մարգվելաշվիլին:

Երկրի խորհրդարանը փետրվարի 19-ին առաջին ընթերցմամբ փոփոխություններ Է ընդունել Ընտրական օրենսգրքում: Դրանք, մասնավորապես, տեղական ինքնակառավարման մարմինների, այդ թվում՝ 12 խոշոր քաղաքների քաղաքագլուխների, հանրապետության բոլոր շրջանների վարչակազմերի ու ինքնակառավարման մարմինների (Սակրեբուլոների) ընտրություններ են նախատեսում ուղղակի քվեարկության ճանապարհով: Մինչ այժմ ուղղակի քվեարկությամբ ընտրվում Էր միայն Թբիլիսիի քաղաքագլուխը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում