Բեռլինի համալսարանի ամբիոնը փողի դիմաց ադրբեջանական քարոզչություն է ծավալում. Die Zeit

Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարանի պատմության ֆակուլտետին կից գործում է Ադրբեջանական պատմության եւ մշակույթի ամբիոն, որը ղեկավարում է պրոֆեսոր Եվա-Մարիա Աուխը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գերմանական Die Zeit թերթը հայտնել է, որ ամբիոնը փողի դիմաց ադրբեջանական քարոզչություն է ծավալում: «Ամբիոնն, ըստ էության, զբաղվում է կեղծարարությունների վրա հիմնված «գիտությամբ»’ Գերմանիայում Ադրբեջանի դեսպանատան անմիջական ֆինանսավորմամբ», -գրում է թերթը:

Պարբերականը հայտնում է, որ միայն պրոֆեսոր Աուխը որպես աշխատավարձ տարեկան 75 հազար եվրո է ստանում: Թերթը նշում է, որ ամբիոնի կողմից անցկացվող գիտաժողովները, սեմինարներն ու այլ միջոցառումները ֆինանսավորում է Ադրբեջանի կառավարությունը:

Թերթը հարց է բարձրացնում’ ինչպե՞ս է Գերմանիայի ամենահեղինակավոր համալսարաններից մեկը թույլ տալիս իրեն փող վերցնել մի երկրի կոռումպացված իշխանություններից, որտեղ դիկտատուրա է տիրում: Պարբերականը համոզմունք է հայտնում, որ ադրբեջանական իշխանությունները հետաքրքրված են ոչ թե գիտության զարգացումով, այլ իրենց շահերն առաջ տանելով:

Նշվում է, որ Ադրբեջանական պատմության եւ մշակույթի ամբիոնն այդ համալսարանում Ադրբեջանի կառավարության հետ համաձայնագրի հիման վրա բացվել է 2010թ. աշնանը եւ պետք է գործի մինչեւ 2015թ. աշունը: Սակայն, չի բացառվում, որ Բաքուն կերկարացնի այդ ամբիոնի ֆինանսավորումը:

Die Zeit-ը հայտնում է, որ Եվա-Մարիա Աուխը ծնվել է 1956թ., Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում: Սովորել է Բաքվում: 1985թ.-ից դասավանդում է Գերմանիայի տարբեր համալսարաններում: 1999թ.-ին Ադրբեջանի Արեւմտյան համալսարանը նրան պատվավոր դոկտորի կոչում է շնորհել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում