Տարեվերջին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կայցելի Երեւան. ԱՄՆ դեսպան

Ամերիկայի Միացյալ Նահանգներն այժմ առավել քան երբեւէ ցանկանում է Հայաստանի հետ իր հարաբերություններն ավելի խորացնել եւ ավելի լավ գործընկեր դառնալ: Երկկողմ հարաբերությունների, Հայաստանում բիզնես միջավայրում առկա փոփոխությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման սառեցված գործընթացի մասին «Արմենպրես«-ի հետ բացառիկ հարցազրույցում իր տեսակետն է ներկայացնում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

Պետքարտուղար Քերիի այցը տարածաշրջանայի՞ն է: Մանրամասնություններ կան այցի վերաբերյալ:

– Մանրամասներ այցի վերաբեյալ դեռ չկան: Պետքարտուղար Քերին պաշտպանում է տարածաշրջանային հարցեր, ցանկանում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորում, եւ այցը, բնականաբար, կլինի տարածաշրջանային:

Պարոն դեսպան, դուք կանխեցիք իմ հաջորդ հարցը: Պետքարտուղար Քերին Սենատում ելույթի ժամանակ ասաց, որ հայ-թուրքական հարաբերությունները ԱՄՆ արտաքին քաղաքականության օրակարգում են: Արդյո՞ք այդ հարաբերություններից կարելի է ակնկալիքներ ունենալ, երբ Թուրքիան, ամեն անգամ խոսելով հարաբերությունների մասին, մեջտեղ է բերում նախապայմաններ եւ երրորդ երկրի վերաբերյալ հարց  բարձրացնում:

– Նախկին պետքարտուղար Քլինթոնը շատ ակտիվ դերակատարում է ունեցել հայ-թուրքական արձանագրությունների, բանակցության եւ ստորագրման խիզախ որոշման հարցում: Այդ արձանագրություններում որեւէ նախապայմաններ չկան Հայաստանի, Թուրքիայի կամ որեւէ երրորդ երկրի հետ կապված, եւ մենք շարունակում ենք հորդորել, որ երկրները վավերացնեն աձանագրություններն առանց նախապայմանների: Մենք հարգում ենք Հայաստանին, որ աձանագրությունները դեռ պահանվում են խորհրդարանում եւ հետ կանչված չեն: Հայաստանի համբերությունը գնահատվում է, չորս տարի է անցել, բայց Հայաստանի խոր հրդարանը դեռ պահպանում է այդ արձանագրությունները: Մեկ նկատառում ունեմ: Պետքարտուղար Քերիի աշխատանքի ընթացքում հասկացել եմ, որ «ստատուս քվոյի» դրությունը նրան չի գոհացնում, եւ նա հավատացած է, որ ոչ մի հակամարտություն այնքան բարդ չէ, որ հնարավոր չլինի լուծում գտնել: Նա անձամբ զբաղվում է արտաքին քաղաքականության երկու ամենակարեւոր հարցերով’ Իրանի միջուկային ծրագրի եւ Միջին արեւելքի խաղաղության գործընթացի ու պաղեստիանյան ճգնաժամի խնդիրներով: Տարածաշրջանային մյուս խնդիրները, հակամարտությունները նա նույնպես կարեւորում է, եւ մենք ձգտում ու կողմերին հորդորում ենք, որ այդ ուղղությամբ աշխատեն, այս պարագայում’ Հայաստանի, Թուրքիայի հարաբերությունների կարգավորման եւ դրա հետ առնչություն չունեցող Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ, որն իրականանում է ԵԱՀԿ ՄԽ միջոցով: Քերիի հրահանգով փորձում ենք կողմերին տանել խնդիրների կարգավորման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում