Օբաման չի պատրաստվում հանձնել Ֆեթուլլահ Գյուլենին

Սպիտակ տունը հերքել է թուրքական ԶԼՄ-ների տարածած տեղեկություններն այն մասին, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի’ ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի հետ ունեցած վերջին հեռախոսազրույցում շոշափվել է նուրսիստների աղանդի առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիա վերադարձնելու թեման:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական «Ջիհան» լրատվական գործակալությունը, Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Մագնուսոնը հայտարարել է, որ «այդպիսի խոսակցություն լինելու, առավել եւս Օբամայի համաձայնվելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»:

Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին այն մասին, որ Օբամայի հետ հեռախոսազրույցում Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայում «դժգոհության աղբյուրը գտնվում է ԱՄՆ-ում», եւ Անկարան «համապատասխան քայլեր է սպասում Վաշինգտոնից»: Ըստ թուրքական մամուլի’ իբր Օբաման էլ պատասխանել է, թե «ամեն ինչ հասկացավ»:

Ֆեթուլլահ Գյուլեն-Էրդողան հակասությունների համատեքստում երկու ամիս առաջ թուրքական իրավապահ մարմինների կողմից անցկացված գործողությունների արդյունքում բացահայտվել էր Էրդողանի, նրա որդիների, կառավարության անդամների’ խոշոր ծավալների հասնող կոռուպցիոն գործարքները: Այդ փաստերն արտացոլող հեռախոսային զրույցների ձայնագրությունները համացանցում հայտնվելուց հետո, իշխող «Արդարություն եւ զարգացում»կուսակցության եւ, հատկապես, Էրդողանի հեղինակությունն ու վարկանիշը Թուրքիայում խիստ ընկել է:

Դրանից հետո Էրդողանը Գյուլենին մեղադրել է այն բանում, որ հենց նրա գլխավորած շարժման ներկայացուցիչներն են կանգնած այդ հեռախոսային խոսակցությունների լսումների հետեւում:

Էրդողանը Գյուլենի շարժումը «զուգահեռ կառույց» էր անվանել: Նա հայտարարել էր, որ իր հակապետական գործունեությամբ այդ կառույցն ապացուցել է, որ ոչ թե կրոնական հոսանք է, այլ քաղաքականացված եւ ապօրինի կազմավորում, որի գործողություններն ուղղված են երկրի ազգային շահերի վնասմանը:

Ֆեթուլլահ Գյուլենը խոշոր կրոնա-հասարակական շարժման առաջնորդ է, արդի իսլամի եւ ժողովրդավարության սինթեզի տեսության կրող: Նրա կողմից ղեկավարվող Գյուլենի համայնքը Թուրքիայում, Ադրբեջանում եւ մի շարք երկրներում ունի դպրոցներ, թերթեր, ֆինանսական կառույցներ, հասարակական կազմակերպություններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում