Վրաստանի խորհրդարանի Ազգային գրադարանում տեղի կունենա Ֆրունզիկ Մկրտչյանի հիշատակին նվիրված երեկո

Մարտի 11-ին Վրաստանի խորհրդարանի Ազգային գրադարանում տեղի կունենա «Ֆրունզիկ Մկրտչյան. 20 տարի անց» հիշատակի երեկոն: Թբիլիսիում երեկոյի անցկացումը հնարավոր Է դարձել Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության, փոխադարձ մշակութային կապերի «Կովկասյան տուն» կենտրոնի եւ Վրաստանի խորհրդարանի Ազգային գրադարանի աջակցության շնորհիվ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Երբեք չի խամրի հայ տաղանդավոր դերասանի հիշատակը, որի ստեղծագործությունը դարձել Է հայ եւ վրաց ժողովուրդների մշակույթի, հումորի, բարեկամության կամուրջը: Ահա թե ինչու կյանքից դերասանի հեռանալուց 20 տարի անց որոշվել Է նշել այդ տարեթիվը, նշվում Է հաղորդագրության մեջ:

Երեկոյի ծրագրում են՝ Ֆրունզիկ Մկրտչյանի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը (առաջին անգամ Վրաստանում), բացառիկ ֆոտո-ցուցահանդեսը, Գեորգի Դանիելիայի, Ռեւազ Գաբրիաձեի, Վախթանգ Կիկաբիձեի տեսա-հիշողությունները, որոնք տեսագրվել են հատուկ այս երեկոյի համար, Ֆրունզե Մկրտչյան տիկնիկը, տեսակոլաժ «Միմինո», «Մի վշտանա», «Մարդը եւ փիղը» կինոֆիլմերից:

Երեկոյի ընթացքում կներակայացվեն նաեւ Թբիլիսիի պետհամալսարանի «Համալսարան» վոկալ անսամբլի, «Հայաստանի ձայնը» մրցույթի հաղթող Աննա Խանչալյանի, Դավիդ Պատարիձեի, Նինա Կարապետյանի, Էմմա Պողոսովայի եւ Հովո Շահնազարյանի, «Ջեյրան» խորեոգրաֆիական անսամբլի եւ ուրիշների կատարումները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում