Սիմֆերոպոլում երկու մարդ է զոհվել դիպուկահարի կրակոցներից

Սիմֆերոպոլում մարտի 18-ին երկու մարդ է զոհվել եւ եւս երկուսը՝ տուժել դիպուկահարի կրակոցներից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Ղրիմի ՆԳ նախարարությանը: Ավելի վաղ «Ղրիմինֆորմ» գործակալությունը, հղում անելով Ղրիմի միլիցիայի մի աղբյուրի, հաղորդել էր, որ զոհվել է ինքնապաշտպանության ուժերի մի մարտիկ, եւս երկուսը վիրավորվել են:

Ղրիմի ՆԳ նախարարությունը ճշտել է, որ զոհվածները երկուսն են՝ ինքնապաշտպանության ուժերի մի մարտիկ եւ ուկրաինական զորամասի մի զինծառայող: Վիրավորվել են նաեւ ինքնապաշտպանության ուժերի մի ներկայացուցիչ ու մի զինծառայող:

«Նախնական տվյալներով՝ կրակոցները կատարվել են նույն վայրից երկու ուղղությամբ: Անհայտ անձը զորամասի անմիջական մերձակայքում գտնվող կիսակառույց շենքի պատուհանից կրակել է ինքնապաշտպանության ուժերի ներկայացուցիչների վրա, որոնք ստուգում էին այդ շենքում զինված մարդկանց ներկայության մասին ազդանշանը, եւ հարեւանությամբ տեղաբաշխված ուկրաինական զորամասի ուղղությամբ»,- նշվում է մամուլի տեղեկագրում:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, իրավապահ գերատեսչությունում չեն բացառել, որ կրակոցները պլանավորված սադրանք են եղել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում