Օբաման ՆԱՏՕ-ի խորհրդի անդամների հետ հանդիպմանը կքննարկի Ղրիմի իրադրությունը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մարտի 26-ին Բրյուսել մեկօրյա այցի շրջանակներում հանդիպում կունենա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի եւ Հյուսիսատլանտյան խորհրդի անդամների հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌՏԼ հեռուստառադիոընկերության եթերում հայտնել Է Բելգիայում ԱՄՆ-ի գործերի հավատարմատար Մարկ Ստորելլան:

Դիտորդներն ակնկալում են, որ ՆԱՏՕ-ի կենտրոնակայան այցելության ընթացքում Օբաման կազմակերպության գծով ԱՄՆ-ի դաշնակիցների հետ կքննարկի Ղրիմի շուրջ ստեղծված իրադրությունը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում Է, որ Բելգիայի մայրաքաղաք նախագահի այցի գլխավոր նպատակը ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակի հանդիպումն անցկացնելն Է, որի ընթացքում, ինչպես սպասվում Է, կարծարծվեն Ռուսաստանի հետ Արեւմուտքի հարաբերությունները:

Ինչպես արդեն հաղորդվել Է, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ իր երկիրը ուկրաինական ճգնաժամին ռազմական միջամտության մտադրություն չունի: «Մենք Ուկրաինայում չենք պատրաստվում ռազմական միջամտության»,- ասել է ԱՄՆ-ի ղեկավարը: Նրա խոսքով՝ «կա ավելի լավ ճանապարհ»: «Կարծում եմ՝ նույնիսկ ուկրաինացիները կընդունեին, որ անտեղի կլիներ մարտական գործողություն սկսել ռուսների դեմ: Դա օգուտ չէր բերի նաեւ Ուկրաինային»,- ընդգծել է ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարը:

«Մենք մտադիր ենք մոբիլիզացնել մեր բոլոր դիվանագիտական ռեսուրսները» եւ «ուժեղ միջազգային» պատասխան ապահովել Ռուսաստանի գործողություններին՝ «հստակ ազդանշան» ուղարկելով Մոսկվային առ այն, որ «Ուկրաինան ինքը պետք է վճռի իր ճակատագիրը», նշել է Օբաման: Դրա հետ մեկտեղ, ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, նա նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները պատրաստ են Ռուսաստանի դեմ կիրառել ավելի խիստ տնտեսական գործողություններ, քան ավելի վաղ Արեւմուտքի կողմից սահմանված պատժամիջոցները

Հետևեք մեզ նաև Telegram-ում