Էրդողանի դեմ դատական գործ կհարուցվի Twitter-ն արգելելու համար

Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության անդամ Աքիֆ Համզաչեբին հայտարարել է, որ կուսակցությունը դատական գործ է հարուցելու երկրում Twitter-ն արգելափակելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական Haberturk-ը, ընդդիմադիր պատգամավորը նշել է, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մեղադրանք է ներկայացվելու անհատի իրավունքներն ու ազատությունները խախտելու համար:

Մարտի 20-ին ժամը 23:00-ի սահմաններում Թուրքիայում արգելափակվել է մուտքը Twitter սոիցալական ցանց: Նախքան այդ մասին հայտնի դառնալը, նախընտրական քարոզչության ժամանակ Բուրսայում ելույթ ունենալիս վարչապետ Էրդողանը հայտարարել էր. «Թվիթեր-մվիթեր, բոլորը հիմքից արմատախիլ ենք անելու: Մեզ չի հուզում թե արտաքին աշխարհն այսպես կամ այնպես կասի»:

Արգելափակումից հետո Թուրքիան Չինաստանից հետո դարձել է երկրորդ երկիրը, որտեղ Twitter-ն արգելված է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում