Սիրիան դատապարտում է իր ինքնաթիռի կործանման մեղավորներին, Թուրքիան` ողջունում կատարվածը

Սիրիայի Քեսապի շրջանում թուրքական օդուժի կողմից ռազմական ինքնաթիռի կործանումը կրկին լարել է հարաբերությունները երկու երկրների միջև: Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը սիրիական ինքնաթիռը ռմբակոծելու փաստի կապակցությամբ նախազգուշացրել է պաշտոնական Անկարային դադարեցնել արկածախնդրությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

«Թուրքական պետությունը պետք է վերջ դնի ռազմատենչությանը: Անկարան թուրքական բանակին պետք է չդրդի արկածախնդրության: Ահաբեկիչներին Սիրիայի տարածք մտնելու համար թուրքական տարածքից օգնել են զրահամեքենայով: Պետք է դադարեցվի Թուրքիայից եկող թշնամությունն ու ահաբեկչությանը տրվող օգնությունը»,- ասվում է Սիրիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

Թուրքական զինուժը թուրք-սիրիական սահմանին’ Քեսապի շրջանում, մարտի 23-ին ռազմական օդանավ է խփել: Պաշտոնական Անկարան մեկնաբանել է նման գործողությունը նրանով, թե իբր օդանավը խախտել էր թուրք-սիրիական սահմանը: Կատարվածի առնչությամբ արդեն մեկնաբանություն է տվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով շնորհավորել է նման քայլի դիմած թուրքական օդուժին: «Մեր F-16-ները օդ են բարձրացել և հարվածել սահմանախախտ ինքնաթիռին: Շնորհավորում եմ մեր օդուժին և օդաչուներին»,- հայտարարել է նա:

Կործանված ինքնաթիռի օդաչուն, ով օդապարիկով կարողացել է փրկվել, հայտնել է, որ ինքը պարզապես հետևել է սահմանից 7 կմ խորության վրա տեղի ունեցող ռազմական գործողություններին և ապշել’ տեսնելով թուրքական ինքնաթիռից եկող ռումբը:

Վերջին օրերի ընթացքում Սիրիայի տարածքում գտնվող Քեսապի շրջանը հայտնվել է պատերազմական վիճակում: Թուրքիայի տարածքից ներխուժով’ Ալ-Քաիդայի ահաբեկչական խմբավորումները հայերով, հույներով, ալևիներով, ասորիներով բնակեցված շրջանը ենթարկում են ինտենսիվ կրակահերթի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում