Երկարատև խաղաղությունը հնարավոր է.Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը դրական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպումները:Այս մասին ամերիկացի դիվանագետը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում: «Դրական հանդիպումներ ունեցանք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Աշխատում ենք միասին. երկարատև խաղաղությունը հնարավոր է»,- նշել է Ուորլիքը’ հավելելով, որ ԱՄՆ-ը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորում է ցանկանում բոլոր կողմերի համար:

Ջեյմս Ուորլիքն ավելի վաղ նշել էր, որ անհամբերությամբ սպասում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը: «Անհամբերությամբ սպասում եմ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և արտգործանախարարների հետ հանդիպմանը’ մարտի 23-25-ը Հաագայում կայանալիք Միջուկային անվտանգության վեհաժողովին»,- գրել էր Ուորլիքը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին հանդիպել Հաագայում միջուկային անվտանգության հերթական գագաթնաժողովի շրջանակում: Հանդիպման հստակ պայմանավորվածություն դեռեւս չկա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում