Քեսաբում հայերի տները թալանող հանցագործները թուրքերեն են խոսում. թուրքական թերթ

Թուրքիայի ընդդիմադիր ԶԼՄ-ները ակտիվորեն լուսաբանում են հայերով բնակեցված սիրիական Քեսաբ քաղաքի շուրջ վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները: Քեսաբը գտնվում է թուրքական Հաթայ (Անտիոք) նահանգի սահմանից ընդամենը 3 կմ հեռավորության վրա:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մասնավորապես, թուրքական Demokrat Haber լրատվական կայքը’ հղում կատարելով քեսաբահայերից ստացած տեղեկություններին, հայտնում է, որ Քեսաբից էվակուացված հայերի տները թալանող հանցագործները խոսում են թուրքերեն:

Նշվում է, որ Քեսաբի բնակչուհի Անի Բոյմուշակյանը հայտնել է, որ զանգահարել է քաղաքի Հայկական ավետարանչական եկեղեցի, որտեղից Սիրիայի կառավարական ուժերի դեմ կռվող ջիհադականը իրեն պատասխանել է թուրքերեն: Մեկ այլ հայի խոսքով, Լաթաքիա փախչելուց հետո, երբ ինքը զանգահարել է իր բնակարան, իրեն նույնպես պատասխանել են ջիհադականները’ դարձյալ թուրքերեն:

Քեսաբի մոտ 700 հայ ընտանիքներ էվակուցավել են Լաթաքիա:

Թուրքական haber.sol.org.tr լրատվական կայքը մարտի 25-ին մի տեսանյութ է տարածել, որն ապացուցում է, որ ալ -Քաիդա ահաբեկչական կազմակերպությանն իսլամիստական «Ալ-Նուսրա» եւ «Իսլամի ճակատ» խմբավորումների մուտքը Սիրիայի հայաշատ Քեսաբ քաղաք իր տարածքով թույլատրել է Թուրքիան: Տեսանյութում իսլամիստ մարտիկները ձեռքերը թափ տալով անցնում են թուրքական Յայլադաղ սահմանակետը: Ջիհադականները առանց որեւէ խոչընդոտի հանդիպելու 50-60 մ անցնելուց հետո հասնում են Քեսաբի սահմանակետ, որտեղ նրանց դիմավորում են «Ալ-Նուսրա ճակատ»-ին առընթեր չեչենական ջո կատի մարտիկները:

Մարտի 21-ի վաղ առավոտյան «Ալ- Նուսրա ճակատ» ահաբեկչական խմբավորման ջոկատները 4 կողմից լայնածավալ հարձակման են անցել Սիրիայի հյուսիսում հայերով եւ ալեւիներով բնակեցված Լաթաքիայի շրջան: Ահաբեկիչների 2 խոշոր խումբ հարձակման են անցել Թուրքիայի տարածքից: Սիրական մամուլը հայտնել է, որ ահաբեկիչների կազմում եղել են մեծ թվով ադրբեջանցի եւ թուրք ջիհադականներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում