Գերմանացի պրոֆեսոր. «Ղրիմը զբաղեցրել են ռուսական զինված ուժերը, իսկ Արցախի ժողովուրդն ինքն է կռիվ տվել ինքնորոշվելու իր իրավունքի համար»

«Այս տարի մայիսին լրանում է Արցախի զինադադարի 20 ամյակը, որը պետք է նոր հեռանկար բացեր հակամարտության կարգավորման համար Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ: Ցավոք, խնդիրը մնում է չլուծված: Թերեւս հիմնական պատճառներից առաջնայինն այնն է, որ Ղարաբաղը’ որպես հակամարտության անմիջական կողմ, չի մասնակցում ընթացող բանակցություններին», – այս մասին երեկ Բեռլինի Եվրոպական Ակադեմիայում նշեց ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ով ժամանել էր Բեռլին’ արցախյան հարցի շուրջ քննարկումներին մասնակցելու համար:

Լեռնային Ղարաբաղի դերն ու նշանակությունը Հարավային Կովկասի զարգացման գործում. այս թեմայի շուրջ էին բանախոսում Եվրոպական Ակադեմիայի նախագահ պրոֆեսոր Էքարդ Շթրաթենշուլթեն, Բեռլինի «Գիտություն եւ քաղաքականություն» հիմնադրամի փորձագետ Ուվե Հալբախը, Բունդեսթագի նախկին պատգամավոր Վոլֆգանգ Բյորնզենն ու Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Օթթո Լուխթերհանդթը:

Վերջինս, կիսելով Ղուլյանի կարծիքը, հավելեց, որ Հայաստանի կողմից ԼՂՀ-ի անկախության ճանաչումը շարունակում է մնալ արդիական խնդիր, ինչը հայաստանյան իշխանությունները վաղուց պետք է անեին:

Անդրադառնալով Ղրիմի եւ Ղարաբաղի միջեւ զուգահեռներին’ Լուխթերհանդթն ընդգծել է, որ պետք է շատ զգույլ լինել հատկապես սահմանումների մեջ, երբ խոսքը վերաբերում է ազգերի ինքնորոշման իրավունքին:

«Ղրիմը զբաղեցրել են ռուսական զինված ուժերը, իսկ Արցախի ժողովուրդն ինքն է կռիվ տվել ինքնորոշվելու իր իրավունքի համար եւ հաղթել պարտադրված պատերազմում: Այս տեսանկյունից’ ազգերի ինքնորոշման սկզբունքը, իհարկե, արդարացված է, եւ այդքան էլ տեղին չէ, երբ Արցախի հարցը Ղրիմի հետ դրվում է նույն հարթության վրա», – նշել գերմանացի պրոֆեսորը:

Թեմայով հետաքրքրվողների շարքում էին նաեւ Կոսովոյի ու Աբխազիայի ներկայացուցիչները: Ադրբեջանցիները եւս առիթը բաց չէին թողել: Նրանցից շատերը չէին կարողանում ուղղակի զսպել կրքերը դահլիճում:

„Տրամաբանական է, որ Արցախի վերբերյալ նման միջոցառումը պետք է հուզեր ադրբեջանցիներին: Դրանով էր իսկ պայամանովորված նրանց ներկայությունն ու ակտիվությունը քննարկման ժամանակ եւ դրանից առաջ“,- նկատում է Բեռլինի Ազատ համալսարանի դոկտորանտ Անդրանիկ Ասլանյանը, ով համակարգում էր միջոցառումը:

Ինչպես նշում է Ասլանյանը’ միջոցառման կազմակերպիչները բավականին նամակներ են ստացել ադրբեջանական կողմից, որտեղ, մեղմ ասած, չէր ողջունվում նմանատիպ քննարկման անցկացումը, երբ, ավելին’ անձամբ բանախոսում է ԼՂՀ Ազգային Ժոողովի նախագահը: Եվրոպական Ակադեմիան այս պարագայում ադրբեջանական բողոքի հիմնական հասցեատերն էր:

Բանավեճից դուրս, ներկաները հնարավորություն ունեցան ցանոթանալ նաեւ Արցախի մշակույթին: «Իմ Արցախ» խորագիրը կրող ցուցահանդեսում ներկայացվել են Արցախի 12 նկարիչների 33 աշխատանքներ: Ցուցահանդեսը կտեւի մինչեւ մայիսի 11-ը:

Տիգրան Պետրոսյան, Բեռլին

Հետևեք մեզ նաև Telegram-ում